Պուտինն ու Էրդողանը քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը
Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Էրդողանը քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը։
Ինչպես հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը, Ուկրաինայի իրավիճակը քննարկելիս ուշադրությունը սեւեռվել է Սեւ եւ Ազովի ծովերում անվտանգ նավարկության ապահովմանը, ականների վտանգի վերացմանը։
Վլադիմիր Պուտինը նշել է ռուսական կողմի պատրաստակամությունը՝ թուրք գործընկերների հետ համաձայնեցնել ապրանքների անխոչընդոտ ծովային տարանցման պարզեցումը։ Դա վերաբերում է նաեւ ուկրաինական նավահանգիստներից հացահատիկի արտահանմանը։
Կողմերը քննարկել են երկկողմ համագործակցությունը, առաջին հերթին, առեւտրատնտեսական ոլորտում։ Նշվել է փոխադարձ ապրանքաշրջանառության զգալի աճը։ Քննարկվել են նաեւ ռուս-թուրքական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, փոխվարչապետ Ալեքսանդր Նովակի գլխավորած ռուսական պատվիրակության՝ վերջերս Թուրքիա կատարած այցի արդյունքները։
Անդրադարձ է կատարվել նաեւ տարածաշրջանային քաղաքականության որոշ հարցերի։
Ըստ Թուրքիայի նախագահի գրասենյակի՝ Էրդողանը պատրաստակամություն է հայտնել Ստամբուլում կազմակերպել հանդիպում Ռուսաստանի, Ուկրաինայի եւ ՄԱԿ-ի միջեւ եւ մասնակցել հնարավոր մոնիթորինգի մեխանիզմին, եթե երկու կողմերն էլ սկզբունքային համաձայնության հասնեն։
Նա նաեւ հայտարարել է Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ որքան հնարավոր է շուտ խաղաղություն հաստատելու, ինչպես նաեւ պատերազմի բացասական հետեւանքները վերացնելու եւ վստահության ամրապնդմանն ուղղված միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության մասին։