Գիտնականները մշակել են վիրտուալ բիոպսիայի մեթոդ՝ փոխպատվաստված սրտի մերժման նշանները հայտնաբերելու համար
Վիկտոր Չանգի սրտաբանական հետազոտությունների ինստիտուտի եւ Սիդնեյում Սուրբ Վինսենթի հիվանդանոցի գիտնականները հուսով են, որ նոր վիրտուալ բիոպսիան, որը նախատեսված է սրտի մերժման ցանկացած նշաններ հայտնաբերելու համար, կընդունվի ամբողջ աշխարհի կլինիկական բժիշկների կողմից, գրում է Medical Xpress-ը:
Աշխարհում տարեկան մոտ 3500 մարդու սրտի փոխպատվաստում է կատարվում։ Հիվանդների մեծ մասը զգում է օրգանի մերժման ինչ-որ ձեւ, եւ չնայած գոյատեւման բարձր ցուցանիշներին, հիվանդների փոքր տոկոսը մահանում է վիրահատությունից հետո առաջին տարվա ընթացքում:
Վիկտոր Չանգի սրտաբանության հետազոտությունների ինստիտուտի դոցենտ Էնդրյու Ջաբուրն ասում է, որ նորույթը կհանգեցնի զգալի բարելավման աշխարհի հազարավոր փոխպատվաստված հիվանդների խնամքի հարցում:
«Այս նոր վիրտուալ բիոպսիան ավելի քիչ ժամանակ է զբաղեցնում, ոչ ինվազիվ է, ավելի քիչ ծախսատար է, չի պահանջում ճառագայթման կամ կոնտրաստային նյութեր, եւ, որ ամենակարեւորն է, պացիենտները հենց սա են նախընտրում»,- ասել է նա:
Ներկայումս ամբողջ աշխարհում կլինիկական բժիշկների մեծամասնությունը մերժումը բիոպսիայի միջոցով է ստուգում, որն օգնում է որոշել իմունոպրեսիվ թերապիայի մակարդակն ու համապատասխանությունը՝ հետագա մերժումը բուժելու եւ կանխելու համար:
Այս ինվազիվ պրոցեդուրան ներառում է պարանոցային երակի մեջ խողովակի տեղադրում, որը թույլ է տալիս վիրաբույժներին բիոպսիայի գործիք մտցնել սրտի մեջ եւ սրտի հյուսվածքի մի քանի նմուշ վերցնել:
Բացի անհարմարությունից, այն կարող է հանգեցնել նաեւ հազվագյուտ, բայց լուրջ բարդությունների, եթե սիրտը ծակված է կամ փականը վնասված է: Փոխպատվաստումից հետո առաջին տարվա ընթացքում պացիենտները սովորաբար մոտ 12 անգամ բիոպսիայի են ենթարկվում։
Նոր մեթոդն ապացուցել է, որ մերժումը հայտնաբերելու հարցում ճշգրիտ է եւ գործում է սրտի այտուցի մակարդակի վերլուծության միջոցով, որը, ինչպես ցույց է տվել թիմը, սերտորեն կապված է սրտի բորբոքման հետ: