«Դիմադրություն» շարժումն ավարտեց ակցիան Կառավարական 3-րդ մասնաշենքի մոտ. երթ սկսվեց
«Դիմադրություն» շարժումը ավարտեց ակցիան Կառավարական 3-րդ մասնաշենքի մոտ։
Ընդդիմադիր պատգամավորներին այդպես էլ թույլ չտվեցին մտնել շենք՝ հանդիպելու նախարարներին։
Աժ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ, իրենց տեղեկություններով, նախարարները տեղում չեն։ Նա ասաց, թե նախարարներն, այդպիսով, կողմ են, որ Արցախը մնա Ադրբեջանի կազմում։
Սաղաթելյանը ակցիայի մասնակիցներին կոչ արեց երթը շարունակել, ճանապարհին կորոշեն է՝ ինչ են անելու։
Նշենք, որ «Դիմադրության» շարժման երթը հասել է Կառավարության 3-րդ մասնաշենք, որտեղ ընդդիմադիր երկու խմբակցությունների պատգամավորները ցանկացան մուտք գործել շենք: Փոխոստիկանապետ Կամո Ցոցուլյանն ասաց, որ կճշտի նախարարների հետ՝ արդյոք պատրաստ են ընդունել պատգամավորներին, որից հետո թույլ կտան ընդդիմադիր պատգամավորներին մուտք գործել շենք:
Որոշ ժամանակ անց իրավիճակը լարվեց, ցուցարարները սկսեցին հրել շղթա կազմած ոստիկաններին, վերջիններս կարողացան դիմադրել եւ թույլ չտվեցին ցուցարարները մուտք գործեն շենք: Ուժեղ հրմշոց սկսեց, որի հետեւանքով երիտասարդ ոստիկաններից մեկի ինքնազգացողությունը վատացավ, ոստիկանները նրան գրկած դուրս բերեցին հրմշտոցի վայրից:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը ներկայացրել էր իրենց հայտարարության տեքստում ամրագրված պահանջները. «Յուրաքանչյուր պաշտոնյա հայտնի հստակ դիրքորոշում.
Հայաստանն աջակցելու է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացմանը:
Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում:
Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության միջև պետք է լինի հուսալի ցամաքային կապ․ Արցախն անկլավ չի լինելու:
Հայաստանի Հանրապետությունն Արցախի ժողովրդի անվտանգության և ինքնորոշման իրավունքի իրացման երաշխավորն է:
Սահմանագծման և սահմանազատման աշխատանքները պետք է իրականացվեն ՀՀ ինքնիշխան տարածքից Ադրբեջանի զորքերի դուրս բերման նախապայմանով:
Սահմանագծման և սահմանազատման աշխատանքների արդյունքում բացառվում է Հայաստանի Հանրապետության ամբողջականության խաթարումը:
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում բացառվում է որևէ համաձայնություն, որը հարցականի տակ կդնի Հայոց ցեղասպանությունը:
Ադրբեջանի և Թուրքիայի հետ ճանապարհների ապաշրջափակումը չի կարող տեղի ունենալ միջանցքային տրամաբանությամբ»: