Լուվրում «Մոնա Լիզա» նկարի վրա տորթ են քսել
Փարիզի Լուվրում այցելուն տորթով կեղտոտել է Լեոնարդո դա Վինչիի «Ջոկոնդա» նկարը, որը հայտնի է որպես «Մոնա Լիզա», հայտնում է G1-ը։
Հրատարակության տվյալներով՝ մի տղամարդ հոծ բազմության մեջից տորթ է նետել հայտնի կտավի վրա։
Շուտով մշակութային հաստատության անվտանգության ծառայությունը վռնդել է տորթը նետողին, իսկ թանգարանի աշխատակիցները սկսել են մաքրել տարածքը։ Աշխարհահռչակ ստեղծագործությունը կեղտոտած վանդալի ինքնությունն ու արարքի շարժառիթներն անհայտ են։
Միեւնույն ժամանակ, նկարը չի տուժել, քանի որ այն պաշտպանված է եղել բյուրեղապակյա թիթեղով։
«Մոնա Լիզա»-ի վրա այս հարձակումն առաջինը չէ։ 2009 թվականին մի զբոսաշրջիկ գավաթ էր նետել նկարի վրա՝ վնասելով այն պաշտպանող ապակին։