Բրազիլիայի հյուսիս-արևելքում հորդառատ անձրևների հետեւանքով զոհերի թիվը հասել է 84-ի
Բրազիլիայի հյուսիսարեւելյան Պերնամբուկու նահանգում հորդառատ անձրեւների հետեւանքով զոհերի թիվը հասել է 84-ի, հայտնում է Globo հեռուստաալիքը՝ վկայակոչելով շրջանի նահանգապետ Պաուլո Կամարային։
Ավելի վաղ հաղորդվում էր 56 զոհի մասին։ Իշխանությունները շարունակում են եւս 56 մարդու որոնումները, որոնք համարվում են անհետ կորած։ Ավելի վաղ հաղորդվել էր նաեւ, որ տեղի 25 բնակիչներ վնասվածքներ են ստացել, ավելի քան 4000-ը մնացել են անօթեւան։ Քաղաքացիական պաշտպանության ազգային ծառայության տվյալներով՝ եւս մեկ մարդ նմանատիպ հանգամանքներում մահացել է հարեւան Պերնամբուկոյի Ալագոաս նահանգում։
Դաշնային կառավարության ջանքերը համակարգելու համար տարածաշրջան են ժամանել մի շարք նախարարությունների ղեկավարներ։ Ակնկալվում է, որ նախագահ Ժաիր Բոլսոնարոն երկուշաբթի կայցելի տարածաշրջան։
Ռեսիֆե (Պերնամբուկո) քաղաքում եւ դրա շրջակայքում արդեն մի քանի օր է անձրեւները չեն դադարում։ Օդերեւութաբանական ծառայության տվյալներով՝ այս տարածքում միայն շաբաթ օրվա առավոտյան ժամերին մինչեւ 150 մմ տեղումներ են եղել, ինչը հանգեցրել է հեղեղումների ու սողանքների։ Մայրաքաղաքում եւ մարզի եւս 13 բնակավայրերում արտակարգ դրություն է հայտարարվել։