Ոստիկանության հետ հրմշտոցի հետևանքով մի քանի քաղաքացի տուժել է. մեկը ոտքի վնասվածք է ստացել
Կառավարության 3-րդ մասնաշենքի դիմաց ոստիկանների եւ «Անհնազանդության» շարժման մասնակիցների միջեւ հրմշտոցի հետեւանքով մի քանի քաղաքացի տուժել է. ցուցարարներից մեկը ոտքի շրջանում վնասվածք է ստացել: Նա նստել էր խոտերի մեջ, իսկ քաղաքացիներն ու ոստիկաններից մեկը փորձում էին օգնություն ցուցաբերել:
Բացի այդ, երիտասարդ ոստիկաններից մեկի ինքնազգացողությունը վատացավ, նրան ոստիկանները գրկած դուրս բերեցին հրմշտոցի հատվածից:
Նշենք, որ «Դիմադրության» շարժման երթը հասել է Կառավարության 3-րդ մասնաշենք, որտեղ ընդդիմադիր երկու խմբակցությունների պատգամավորները ցանկացան մուտք գործել շենք եւ հանդիպել նախարարների հետ: Ոստիկանները թույլ չտվեցին նրանց շենք մտնել, ինչից հետո իրավիճակը լարվեց, ցուցարարների եւ ոստիկանների միջեւ հրմշտոց սկսվեց:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը ներկայացրել էր իրենց հայտարարության տեքստում ամրագրված պահանջները. «Յուրաքանչյուր պաշտոնյա պետք է հայտնի հստակ դիրքորոշում.
Հայաստանն աջակցելու է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացմանը:
Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում:
Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության միջև պետք է լինի հուսալի ցամաքային կապ․ Արցախն անկլավ չի լինելու:
Հայաստանի Հանրապետությունն Արցախի ժողովրդի անվտանգության և ինքնորոշման իրավունքի իրացման երաշխավորն է:
Սահմանագծման և սահմանազատման աշխատանքները պետք է իրականացվեն ՀՀ ինքնիշխան տարածքից Ադրբեջանի զորքերի դուրս բերման նախապայմանով:
Սահմանագծման և սահմանազատման աշխատանքների արդյունքում բացառվում է Հայաստանի Հանրապետության ամբողջականության խաթարումը:
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում բացառվում է որևէ համաձայնություն, որը հարցականի տակ կդնի Հայոց ցեղասպանությունը:
Ադրբեջանի և Թուրքիայի հետ ճանապարհների ապաշրջափակումը չի կարող տեղի ունենալ միջանցքային տրամաբանությամբ»: