«Դիմադրություն» շարժման մասնակիցները Ֆրանսիայի հրապարակից երթով հասան կառավարության երրորդ մասնաշենք. Հրմշտոց սկսվեց կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ. ոստիկաններից մեկն ուշագնաց եղավ
«Դիմադրություն» շարժման մասնակիցները Ֆրանսիայի հրապարակից երթով հասան կառավարության երրորդ մասնաշենք:
ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարեց. «Մենք գնում ենք կառավարության 3-րդ մասնաշենք մեր նախորոք հայտարարված պահանջը ներկայացնելու եւ հասկանալու շենքում նստած նախարարների եւ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց դիրքորոշումը»:
Կառավարության 3-րդ մասնաշենքի մուտքի մեծ թվով ոստիկաններ շղթա են կազմել եւ փակել մուտքը:
«Այժմ ընդդիմադիր 2 խմբակցությունների պատգամավորներ կբարձրանան նախարարությունների շենք, կհանդիպեն նախարարներին՝ հասկանալու համար՝ իրենք կո՞ղմ են այն փաստաթղթին, որը մեր բոլորի կողմից հրապարակվել է»,-ասաց Սաղաթելյանը՝ հիշեցնելով իրենց ներկայացրած հայտարարության տեքստում ամրագրված պահանջները:
Փոխոստիկանապետ Կամո Ցուցուլյանն ասաց, որ կճշտի նախարարների հետ՝ արդյոք պատրաստ են ընդունել պատգամավորներին, որից հետո թույլ կտան ընդդիմադիր պատգամավորներին մուտք գործել շենք:
Որոշ ժամանակ անց, երբ պատգամավորներին թույլ չտվեցին ՛ենք մտնել, իրավիճակը լարվեց, ցուցարարները սկսեցին հրել շղթա կազմած ոստիկաններին, ուժեղ հրմշոց սկսեց, ինչի հետեւանքով երիտասարդ ոստիկաններից մեկի ինքնազգացողությունը վատացավ, նրան ոստիկանները գրկած դուրս բերեցին հրմշտոցի վայրից:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը ներկայացրել էր իրենց հայտարարության տեքստում ամրագրված պահանջները. «Յուրաքանչյուր պաշտոնյա պետք է հայտնի հստակ դիրքորոշում.
Հայաստանն աջակցելու է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացմանը:
Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում:
Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության միջև պետք է լինի հուսալի ցամաքային կապ․ Արցախն անկլավ չի լինելու:
Հայաստանի Հանրապետությունն Արցախի ժողովրդի անվտանգության և ինքնորոշման իրավունքի իրացման երաշխավորն է:
Սահմանագծման և սահմանազատման աշխատանքները պետք է իրականացվեն ՀՀ ինքնիշխան տարածքից Ադրբեջանի զորքերի դուրս բերման նախապայմանով:
Սահմանագծման և սահմանազատման աշխատանքների արդյունքում բացառվում է Հայաստանի Հանրապետության ամբողջականության խաթարումը:
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում բացառվում է որևէ համաձայնություն, որը հարցականի տակ կդնի Հայոց ցեղասպանությունը:
Ադրբեջանի և Թուրքիայի հետ ճանապարհների ապաշրջափակումը չի կարող տեղի ունենալ միջանցքային տրամաբանությամբ»: