Ուկրաինայում հակամարտությունը կձգձգվի․ Ժոզոպ Բորել
ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կարծում է, որ Ուկրաինայում հակամարտությունը կձգձգվի, ինչի կապակցությամբ նա հանդես է եկել Ռուսաստանի նկատմամբ հետագա պատժամիջոցներ սահմանելու օգտին։
«Մենք պետք է դիմանանք։ Պատերազմը երկար կտեւի, Ռուսաստանի Դաշնության գործողությունների ագրեսիվությունը կավելանա։ Մենք պետք է շարունակենք Ուկրաինային պայքարելու միջոցներ տրամադրել, ինչպես նաեւ տնտեսական ճնշում գործադրել Ռուսաստանի վրա»,- ասել է Բորելը France Info ռադիոկայանի եթերում։
Նրա խոսքով, ռուսական տնտեսությունն արդեն սկսում է կանգ առնել, եւ Մոսկվայի վրա հետագա ճնշումը թույլ կտա Կիեւին ավելի լավ դիրք ապահովել ապագա խաղաղ բանակցություններում։ Նա նաեւ հիշեցրել է, որ անցյալ շաբաթ ԵՄ երկրների արտգործնախարարներն արդեն համաձայնեցրել են Ուկրաինայի համար զենք գնելու լրացուցիչ միջոցների հատկացումը։
Բորելը համոզմունք է հայտնել, որ ի վերջո պայմանավորվածություն կլինի պատժամիջոցների վեցերորդ փաթեթի շուրջ, որը ԵՄ երկրների ներկայացուցիչները մի քանի շաբաթ է, ինչ անարդյունք փորձում են համաձայնեցնել՝ Ռուսաստանի Դաշնությունից նավթի եւ նավթամթերքի էմբարգո կիրառելու վերաբերյալ մի շարք երկրների անհամաձայնության պատճառով։
«Կարծում եմ՝ այսօր կեսօրին մենք կկարողանանք համաձայնության գալ այս հարցի շուրջ»,- ասել է նա։ Բորելը հավելել է, որ Հունգարիային, Սլովակիային եւ Չեխիային բաժին է ընկնում ԵՄ բոլոր ներմուծումների միայն 7-8 տոկոսը, եւ դրանք կարող են հետաձգվել՝ լուծումներ գտնելու եւ ռուսական նավթամթերքի գնումները նվազեցնելու համար։ «Սա այնքան էլ մեծ տեսակարար կշիռ չէ ընդհանուր ընտրանքում, բայց կարեւոր է գտնել լուծում, որը հարմար կլինի բոլորի համար»,- եզրափակել է նա։
Եվրոպական դիվանագիտության ղեկավարը նաեւ ուշադրություն է հրավիրել Ուկրաինայից հացահատիկի արտահանման հարցը հնարավորինս արագ լուծելու անհրաժեշտության վրա։ «Ուկրաինայում պահվում է 20 միլիոն տոննա հացահատիկ, այն պետք է հասցվի վերջնական սպառողներին։ Նոր բերքի համար անհրաժեշտ է պահեստարաններ ազատել, այլապես այն պահելու տեղ չի լինի»,- պարզաբանել է նա։
«Մենք չենք կարող [մարդասիրական միջանցքներ կազմակերպել] առանց Ռուսաստանի համաձայնության»,- հավելել է Բորելը,- Այնտեղ շատ ականներ կան՝ ուկրաինացիները ականապատել են իրենց նավահանգիստները, ուստի հացահատիկի արտահանման համար անհրաժեշտ է ականազերծել միջանցքը։ Բայց հետո դրանով կարող են նաեւ ռազմանավեր անցնել, ուստի ՄԱԿ-ի միջնորդությամբ համաձայնություն է պետք Ռուսաստանի հետ»։