ՆԱՍԱ-ի գիտնականի կարծիքով` մարդկությունը սլանում է դեպի կործանում
ՆԱՍԱ-ի Ռեակտիվ Շարժման Լաբորատորիայի տվյալների գիտնական և բնապահպան ակտիվիստ Փիթեր Կալմուսը, ով կլիմայական ակցիայի ժամանակ իրեն շղթայել էր Լոս Անջելեսի բանկին, մարդկությունն անվանել է մի տեսակ, որը սլանում է դեպի կործանում: Նա իր կարծիքն է հայտնել The Guardian-ի հետ զրույցում։
Գիտնականին հարցրել են կլիմայական ճգնաժամի պայմաններում երեխաների ծնվելու մասին։ Ի պատասխան՝ Կալմուսը հայտարարել է, որ նման դժվարին պահերին ինքը, ինչպես շատ այլ երիտասարդներ, կնախընտրեր երեխա չունենալ։
Նրա խոսքով՝ աշխարհում իրավիճակը վատանում է շատ արագ տեմպերով։ Հաջորդ սերունդները կապրեն ավելի վատ պայմաններում, և այդ գիտակցումը նրան «սրտաճմլիկ» է թվում։
Կալմուսը համոզված է, որ մարդկությունը «ապրում է ավտոպիլոտով» և չի կայացնում ճիշտ որոշումներ, որոնք կօգնեն փրկել մոլորակը կլիմայի փոփոխության հետևանքներից: Սակայն գիտնականը հույս է հայտնել, որ մարդկանց համար առաջնահերթությունը կլինի ոչ թե հանածո վառելիքի արդյունահանումն ու այրումը և ոչ թե հարստացման ցանկությունը, այլ ընդհանուր բարգավաճումը։
Կալմուսը հավելել է, որ հույս ունի վերականգնել հավատը մարդկության հանդեպ, և միակ բանը, որ նա հուսահատորեն ցանկանում է իր մահից առաջ՝ զգալ, որ մոլորակն ավելի լավ ապագա ունի։