Թուրքիան չի կարող այո ասել ահաբեկչությանն աջակցող երկրների ՆԱՏՕ մտնելուն. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դժգոհ է ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցով Ֆինլանդիայի և Շվեդիայի հետ բանակցություններից. նա երկրներին մեղադրել է անազնվության, իսկ Շվեդիային՝ ահաբեկիչներին պաշտպանելու մեջ, փոխանցում է РИА Новости-ն։
Թուրքիայի նախագահը ոչ միայն նախատել է Ֆինլանդիային և Շվեդիային «անազնիվ և ոչ անկեղծ լինելու համար», այլև նշել է, որ քանի դեռ ինքը նախագահ է՝ երկիրը չի կարող այո ասել ահաբեկչությանն աջակցող երկրների ՆԱՏՕ մտնելուն։
Ավելի վաղ Թուրքիան արգելափակել էր ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության դիմումի քննարկման գործընթացի մեկնարկը։ Երկրները չեն կարող ընդունվել դաշինքի մեջ՝ առանց դրա բոլոր անդամների միաձայն հավանության։