Մայիսի 31-ին և հունիսի 1-ին օդի ջերմաստիճանը կգերազանցի 30-ի շեմը. Գագիկ Սուրենյան. ArmDaily.am
Արդեն մայիսի վերջն է, իսկ ամառային տաք եղանակը միայն վերջին երկու-երեք օրը վայելեցինք: ArmDaily.am-ը կապ հաստատեց Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանի հետ՝ պարզելու համար, թե վերջապես ե՞րբ կկարողանանք վայելել ամառը՝ առանց ցուրտ-անձրևային եղանակների:
Սուրենյանը տեղեկացրեց, որ մայիսի 27-ից օդի ջերմաստիճանը հանրապետության ամբողջ տարածքում բարձրանում է:
«Առաջիկա օրերին ևս օդի ջերմաստիճանի բարձրացումը շարունակվելու է: Օդի ջերմաստիճանը մինչև ամսի 31-ը և հունիսի 1-ը ներառյալ դեռևս կբարձրանա մոտ 5-8 աստիճանով: Այսինքն՝ օդի ջերմաստիճանն արդեն կմոտենա կլիմայական նորմային»,-ասաց Սուրենյանը:
Նա հավելեց, որ մայիսի 31-ին ու հունիսի 1-ին հանրապետության հովտային շրջաններում և մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կգերազանցի 30-ի շեմը՝ կլինի մոտ 30-32 աստիճանի սահմաններում, ինչն արդեն համարվում է ամռանը բնորոշ ջերմային ֆոն:
Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալը նշեց, որ հորիզոնում դեռևս օդի ջերմաստիճանի անկում կամ ինտենսիվ տեղումներ, ջերմաստիճանի կտրուկ նվազում, լուրջ եղանակակլիմայական փոփոխություններ չեն նկատվում: