Դավիթ Վարդանյանի մահն ինձ համար մեծ կորուստ է. Վազգեն Մանուկյանի գրասենյակի հայտարարությունը
Վազգեն Մանուկյանի գրասենյակը հայտարարություն է տարածել, որում նշվում է.
«Դավիթ Վարդանյանի մահն ինձ համար հարազատ ընկերոջ և գաղափարական զինակցի մեծ կորուստ է։
Դավիթի հետ մեր ընկերությունը դեռևս խորհրդային տարիներից է գալիս, երբ միասին գործունեություն էինք ծավալում հանուն ազգային խնդիրների ու երազանքների։
Հետագայում, երբ սկսվեց Արցախյան շարժումը, Դավիթ Վարդանյանն արդեն շարժման կիզակետում էր, Հայաստանի անկախության կերտման պայքարում։
Որպես ֆիզիկոս և ազգային մտածողություն ունեցող խիզախ մտավորական՝ նա ներգրավվեց Շարժման գաղափարական ու կազմակերպչական աշխատանքներում՝ դառնալով «Ղարաբաղ կոմիտեի» անդամ։
Այնուհետև «Ղարաբաղ կոմիտեն» նախաձեռնեց և ստեղծեց Հայոց Համազգային շարժումը (ՀՀՇ), որը դարձավ անկախ Հայաստանի առաջին քաղաքական իշխանությունը։
Որոշ ժամանակ անց, երբ առաջացան գաղափարական հակասություններ իշխանության գործունեության և ընտրած ճանապարհի հետ, ՀՀՇ մի խումբ գործիչներ առանձնացան՝ ստեղծելով ընդդիմադիր ԱԺՄ-ն։ Դավիթ Վարդանյանն այդ խմբում էր, նրա համար նույնպես արդարությունն ու ազգային շահերի համար մղվող պայքարը սկզբունքային էին ու անշահարկելի։
Դավիթ Վարդանյանն ԱԺՄ կուսակցության ամենաակտիվ ընդդիմադիր պատգամավորներից էր խորհրդարանում։ Հատկապես 1995-96 թվականների ընտրություններում, երբ ԱԺՄ-ն մեծ դերակատարում ունեցավ Հայաստանի քաղաքական կյանքում, Դավիթն այդ բարդ ժամանակահատվածում իշխանության դեմ կռիվ տվող առաջամարտիկն էր կուսակցությունում։
Միշտ մնաց խիզախ և հավատարիմ իր գաղափարներին ու սկզբունքներին։
Վերջին տարիների մեր հանդիպումներն ու զրույցները, ցավոք, մեր երկրին սպառնացող վտանգների, Արցախի կորուստների և մշուշոտ ապագայի շուրջ էին։ Չէր կարողանում հաշտվել, որ մեր ազգային երազանքներն ու ձգտումները, տասնամյակների պայքարը կարող էր արժեզրկվել ու ոչնչանալ։
Այսօր Հայաստանի ու Արցախի համար մղվող պայքարը պետք է շարունակվի նաև հանուն մեր ընկերների, որոնք իրենց ողջ կյանքը նվիրել են ազգային գաղափարներին։
Հանգչի՛ր խաղաղությամբ, սիրելի ընկեր, և թող քո երազած Հայրենիքի կերտումով հոգիդ խաղաղվի»։