Ավարտվել է Խաչատուրյան քույրերի հոր դեմ հարուցված քրեական գործի քննությունը
Ռուսաստանի Քննչական կոմիտեն ավարտել է 2018 թվականին դուստրերի կողմից սպանված Միխայիլ Խաչատուրյանի դեմ հարուցված գործի հետաքննությունը, որն սկսվել էր աղջիկների նկատմամբ սեռական բռնություն գործադրելու մեղադրանքների հիման վրա: Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը՝ հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրին:
Նշվում է, որ մեղադրանքը խստացվել էր գործով նոր փաստերի հայտնաբերմամբ, որոնց համաձայն՝ Միխայիլ Խաչատուրյանը դուստրերի մասնակցությամբ պոռնոգրաֆիկ նյութեր է տարածել:
«Վերջնական խմբագրմամբ Միխայիլ Խաչատուրյանի պաշտպաններին մեղադրանք է առաջադրվել սեռական բռնության մասին քրեական գործի շրջանակում: Հետաքննության ընթացքում պարզվել է նաեւ մեղադրյալի կողմից դուստրերի մասնակցությամբ պոռնոգրաֆիկ նյութերի տարածման փաստը, ինչի մասին տեղեկացված են եղել նրա փաստաբանները»,- հայտնել է գործակալության զրուցակիցը:
Ինչպես հայտնել է գործկալության աղբյուրը, Խաչատուրյան քույրերի փաստաբաններն արդեն ծանոթացել են գործի նյութերին, երբ դրանք ուսումնասիրեն նաեւ մեղադրյալի պաշտպանները, գործը կփոխանցվի դատախազություն մեղադրական եզրակացության հաստատման համար, այնուհետեւ այն կուղարկվի Մոսկվայի Բուտիրսկի շրջանի դատարան: