70–ամյա տիկինը նամակ և իր ՀՅԴ–ական պապից ժառանգած 14 ոսկին ուղարկել է Իշխան Սաղաթելյանին ու Գեղամ Մանուկյանին
«Դիմադրություն» շարժման առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը Ֆեյսբուքի իր էջում հրապարակել է նամակ, որն ընթերցվեց Ֆրանսիայի հրապարակում։ Նամակագիրը 70–ամյա քաղաքացի է։
Իշխան Սաղաթելյանը գրել․«Չափազանց հուզիչ է այս օրերին մեր քաղաքացիների կողմից ստացվող նման արձագանքերը։ Անսահման պատասխանատվության զգացում ունեմ այս շարժման յուրաքանչյուր մասնակցի նկատմամբ։
Տիկին Զոյա, անպայման հաղթելու ենք, այլ ճանապարհ չկա:
Ստորև ներկայացնում եմ ինձ և ընկեր Գեղամ Մանուկյանին ուղղված յոթանասունամյա տիկին Զոյայի նամակը․ նամակը և ոսկիներն ի պահ են հանձնվել ՀՅԴ Բյուրոյի թանգարանին:
«Հարգարժան Իշխան Սաղաթելյան և Գեղամ Մանուկյան,
մեր Հայրենիքի համար վճռորոշ այս օրերին և իմ ծննդյան 70-ամյակի նախօրեին ձեր տնօրինությանն եմ հանձնում իմ պապից՝ Եղիշե Ամիրխանյանից ժառանգաբար իմ վաղամեռիկ եղբորը, քրոջս և ինձ հասած 14 փոքր ոսկիները, որը նրա պատվիրմամբ իմ տատ Սաթենիկը պետք է ծառայեցներ բացառապես իր ժառանգների կրթության գործին։
Իմ համոզմամբ այդ գործի արժանի շարունակողները այսօր դուք եք։
Ավարտում եմ Ղևոնդ Ալիշանի եղբորս սիրած «Երգ ու գնացք զորայն հայոց ընդ Վահանայ Մամիկոնենոյ
Ի Շավարշական դաշտին վրեժք
Օ՜ն անդր յառաջ»
Երգի բառերով․․․
Հ․Գ․ Պապս իր կուսակցական պատկանելիության (ՀՅԴ) համար 1930-ականներին իր կյանքի վերջին տարիները (օրերը) անցկացրել է նախ Թիֆլիսի, ապա մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Մոսկվայի բանտերում։
Ձեր համակիր Զոյա Սանոսյան
Երևան»։