Հանրապետական մաղթանք` Սուրբ Գայանե վանքում. Մայր Աթոռի միաբաններն այցելել են Սարդարապատի հուշահամալիր
Մայիսի 28-ին Հանրապետության տոնի առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Սուրբ Գայանե վանքում կատարվեց Հանրապետական մաղթանք:
Արարողությունը հանդիսապետեց Մայր Աթոռի Արարողակարգի և արտաքին հարաբերությունների բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:
Հոգևորականաց դասը և ներկա ժողովուրդն աղոթք բարձրացրեցին առ Աստված Հայաստանի Հանրապետության անսասանության, խաղաղ և բարօր կյանքի համար:
Մաղթանքի ավարտին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանները այցելեցին Սարդարապատի հուշահամալիր, որտեղ Արմավիրի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Սիոն արքեպիսկոպոս Ադամյանի, թեմի եկեղեցականների և Արմավիրի համայնքապետ Դավիթ Խուդաթյանի ուղեկցությամբ եկեղեցականները ծաղկեպսակ դրեցին հուշակոթողի առջև, ապա աղոթեցին մայիսյան հերոսամարտերում զոհված քաջորդիների հոգիների հանգստության համար: