Ռուսաստանը շարունակում է մնալ պարենային ապրանքների համաշխարհային շուկայի պատասխանատու մասնակիցը. ՌԴ ԱԳՆ
Նշում ենք, որ պարենամթերքի համաշխարհային շուկայում ներկայումս տագնապալի իրավիճակ է ստեղծվում՝ գյուղմթերքի մատակարարման հետ կապված խնդիրների պատճառով։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարության մեջ։
«Մեզ համար՝ որպես միջազգային շուկաներ ցորենի խոշորագույն մատակարարի, սա չափազանց մտահոգիչ է։ Արեւմուտքի կողմից բոլոր անախորժությունները հատուկ ռազմական օպերացիային վերագրելու եւ Ռուսաստանին մեղադրելու Սեւ եւ Ազովի ծովերի նավահանգիստներում օտարերկրյա նավերի արգելափակման մեջ մեղադրելու փորձերը, բացարձակապես անհիմն են։ Գյուղմթերքի գների աճը տեղի է ունեցել դեռ 2020 թ. եւ ոչ մի կերպ հատուկ ռազմական օպերացիայի արդյունք չէ։ COVID-19 համացարակըէ մատակարարման շղթաների խափանման եւ սննդի փոխադրման ծառայությունների արժեքի զգալի աճի է հանգեցրել»,- ասվում է ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի հայտարարության մեջ։
Մարիա Զախարովան նշել է, որ FAO-ի փորձագետները բազմիցս նշել են, որ գները ռեկորդային բարձր մակարդակի են հասել մինչեւ 2022թ. «Դա տեղի է ունեցել ոչ թե Ռուսաստանի մեղքով, այլ համավարակային դրամական էմիսիայի, էներգակիրների, պարարտանյութերի եւ գյուղատնտեսական այլ ռեսուրսների բարձր գների պատճառով։ Իսկ գոյություն ունեցող բացասական միտումների հիմնական կատալիզատորն Արեւմուտքի հակառուսական պատժամիջոցներն էին, որոնք համաշխարհային լոգիստիկայի եւ տրանսպորտային ենթակառուցվածքների ոլորտում կապերի խզման հանգեցրին։ ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն արգելել են ռուսական դրոշով նավերին օգտագործել իրենց առափնյա ենթակառուցվածքը։ Աշխարհի խոշորագույն բեռնափոխադրողները միացել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին, նրանց նավերը ռուսական նավահանգիստներ չեն մտնում։ ԵՄ պատժամիջոցների ցանկում է Նովոռոսիյսկի կոմերցիոն ծովային նավահանգիստը, որով նախկինում արտահանվում էր ռուսական հացահատիկի մինչեւ 50 տոկոսը։ ԵՄ-ն պարարտանյութերի ներմուծման քվոտային ռեժիմ է սահմանել։ Այս ամենը՝ Ռուսաստանից ապրանքների փոխադրման պատժամիջոցների, մատակարարումների համար վճարման դժվարությունների, գործարքների արգելքների եւ մաքսային խնդիրների հետ մեկտեղ, այս տարվա մարտին ԵՄ երկրներ ռուսական պարարտանյութերի մատակարարման 40 տոկոս կրճատման հանգեցրին:
Արդյունքում՝ ցորենի, եգիպտացորենի եւ գարու գները, որոնք արդեն իսկ ռեկորդային մակարդակի էին հասել, էլ ավելի բարձրացան։ Ըստ ՄԱԿ-ի տվյալների՝ 2022 թ. մարտի վերջին պարենային ապրանքների արժեքը 24 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը, իսկ ԵՄ երկրներում ցորենի գինն այս ընթացքում աճել է 70 տոկոսով»,- ասվում է Մարիա Զախարովայի հայտարարության մեջ։
Հայտարարության համաձայն՝ ԵՄ-ում հացահատիկի, եգիպտացորենի եւ ձեթային մշակաբույսերի մաքսատուրքերի զրոյացումը հանգեցրել է նրան, որ Ուկրաինայի իշխանությունները դեպի Եվրոպա իրենց գյուղատնտեսական արտադրանքի ամենօրյա զանգվածային արտահանում են կազմակերպել:
ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն մտադիր են 2.5 ամսվա ընթացքում Ուկրաինայից 20 միլիոն տոննա հացահատիկ դուրս բերել՝ իբր պարենային ճգնաժամի կանխման նպատակով Աֆրիկայի եւ Մերձավոր Արեւելքի երկրներ տեղափոխելու համար: Սակայն իրականում հացահատիկը տեղափոխվում է Եվրոպայում գտնվող պահեստներ։ Դրա առաքման համար երկաթուղային, ավտոմոբիլային եւ գետային երթուղիներ են կազմակերպվել դեպի Գերմանիա, Լեհաստան, Լիտվայի, Ռումինիայի եւ Բուլղարիայի ուղղություններով: ԱՄՆ նախագահ Ջորջ Բայդենի մայիսի 10-ի հայտարարությունը Ուկրաինայից 20 մլն տոննա հացահատիկի արտահանման հնարավորություններ գտնելու անհրաժեշտության մասին համընկավ ուկրաինական «լենդ-լիզայի» մասին օրենքի ստորագրման հետ։ Ստացվում է, որ Կիեւը զենքի համար ցորենով է վճարելու: Փաստորեն, ամերիկացիներն իրենք են պարենային ճգնաժամ հրահրում Ուկրաինայում՝ այն զրկելով հացահատիկի պաշարներից»,- ասվում է հայտարարության մեջ։
Ինչ վերաբերում է օտարերկրյա պետությունների պաշտոնական ներկայացուցիչների՝ Սեւ եւ Ազովի ծովերի ջրերում ռուս զինվորականների կողմից օտարերկրյա նավերի «արգելափակման» մասին նախօրեին արված հայտարարություններին, ապա դրանք իրականությանը չեն համապատասխանում։ Մարիուպոլի նավահանգիստը վերսկսել է աշխատանքը այն բանից հետո, երբ Ռուսաստանի եւ ԴԺՀ-ի զինվորականները վերահսկողություն են հաստատել դրա նկատմամբ, նավարկման ուղին ապաշրջափակվել էր եւ նավերի հեռանալու համար պայմաններ էին ստեղծվել:
Ռուսաստանի զինված ուժերն ամեն օր ժամը 08:00-ից 19:00-ն բացում են երկու ծովային հումանիտար միջանցքները՝ նավերի տեղաշարժի համար անվտանգ ուղիները: Ուկրաինայի տարածքային ծովից հարավ-արեւմտյան ուղղությամբ՝ Խերսոնի, Նիկոլաեւի, Չեռնոմորսկի, Օչակովի, Օդեսայի եւ Յուժնի նավահանգիստներից դուրս գալու համար Սեւ ծովում 80 մղոն երկարությամբ եւ 3 մղոն լայնությամբ միջանցք է բացվել։ Այս տարվա մայիսի 25-ից Ազովի ծովում միջանցք է գործում, որն անվտանգ գիծ է Մարիուպոլի անմիջական հարեւանությամբ գտնվող հավաքի տարածքից դեպի Սեւ ծովում Կերչի նեղուցի հոսելու վայրում գտնվող նավերի տեղաշարժի համար: Մարդասիրական միջանցքի երկարությունը 115 ծովային մղոն է, գոտու լայնությունը՝ 2 մղոն, նշել է Զախարովան։
Ընդ որում, նրա խոսքով, Կիեւի իշխանությունները հրաժարվում են համագործակցել օտարերկրյա պետությունների ներկայացուցիչների եւ նավերի սեփականատեր ընկերությունների հետ՝ արգելափակված նավերի անվտանգ ելքը ապահովելու համար՝ փաստացի պատանդ վերցնելով նրանց եւ նրանց անձնակազմերին։
«Ռուսաստանը շարունակում է մնալ պարենային ապրանքների համաշխարհային շուկայի պատասխանատու մասնակիցը։ Մենք մտադիր ենք շարունակել բարեխղճորեն կատարել միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունները գյուղատնտեսական ապրանքների, պարարտանյութերի, էներգակիրների եւ այլ կարեւոր ապրանքների արտահանման մասով։ Մենք քաջ գիտակցում ենք այդ մատակարարումների կարեւորությունն աշխարհի տարբեր տարածաշրջանների սոցիալ-տնտեսական կայունության ապահովման համար»,- ասված է հայտարարության մեջ։