ՌԴ-ն գլխավորել է Թուրքիայում օտարերկրյա ընկերություններ ստեղծած երկրների ցանկը
Ռուսաստանը գլխավորել է Թուրքիայում օտարերկրյա ընկերություններ ստեղծած երկրների ցանկը, հայտնում է թուրքական «Ենի Շաֆաք» թերթը՝ վկայակոչելով երկրի Առեւտրաարդյունաբերական պալատի տվյալները։ Այս տարվա ապրիլին ռուսները 136 ընկերություն են հիմնել այս երկրում:
Մարտին Թուրքիայում գրանցվել է 64 ռուսական ընկերություն։ Ամսվա կտրվածքով աճը 112 տոկոս է կազմել։ Ընկերությունների մեծ մասը գրանցվել է Անթալիայում։
Ապրիլին Թուրքիայում գրանցվել է օտարերկրյա մասնակցությամբ ընդհանուր 1650 ընկերություն։ Հիմնադրված արտասահմանյան ընկերությունների թվով երկրորդ տեղը զբաղեցրել է Իրանը (120 ձեռնարկություն)։ Մեկ ամիս առաջ Իրանն էր գլխավորում Թուրքիայում օտարերկրյա ընկերություններ հիմնած երկրների ցանկը։ Դրան հաջորդում են Սիրիան (52) եւ Գերմանիան (49):
Ապրիլ ամսվա արդյունքներով՝ ռուսները առաջ են անցել նաեւ այլ երկրների քաղաքացիներից Թուրքիայում բնակարան գնելու հարցում։ Վիճակագրության ազգային ինստիտուտի տվյալներից հետեւում է, որ Ռուսաստանի քաղաքացիներն անշարժ գույքի առաջնային շուկայում 1152 օբյեկտ են գնել, ինչը 186.5 տոկոսով ավելի է մարտի համեմատ։ Հունվարից ապրիլ ընկած ժամանակահատվածում ռուսաստանցիները Թուրքիայում գնել են գրեթե 2.7 հազար անշարժ գույք, գրում է «Կոմերսանտ»-ը: