Բոստոնի Սուրբ Ստեփանոս ազգային վարժարանի սաները Սարդարապատի մուտքի մոտ երգում էին «Զարթնիր լաո»-ն
Բոստոնի Սուրբ Ստեփանոս ազգային վարժարանի սաները Սարդարապատի մուտքի մոտ, հենց արգելափակոցների դիմաց երգեցին «Զարթնիր լաո» եւ «Սարդարապատ» երգերը:
Նրանք նշեցին, որ եկել են տեսնեն Սարդարապատը: Սաներին ուղեկցող հայոց լեզվի ուսուցչուհի Արտեմիս Մկրտչյանը նշեց, որ ամեն տարի վարժարանի սաներն այցելում են Սարդարապատ:
Անդրադառնալով նրան, որ թույլ չեն տալիս քաղաքացիներին մուտք գործել Սարդարապատի հուշահամալիր, նա նշեց. «Կարծում եմ՝ մոռացել են, որ Սարդարապատի հաղթանակը կերտվել է ժողովրդի կամավորների շնորհիվ: Հիմա չգիտեմ՝ ինչու են արգելում, որ ժողովուրդը հասնի մինչև Հաղթանակի կոթող: Մեզ ասացին, որ ներսում ինչ-որ փակ արարողակարգ կա»:
Նշենք, որ վաղ առավոտից Սարդարապատի հուշահամալիր տանող ճանապարհը փակ է քաղաքացիների, ավտոմեքենաների, ինչպես նաեւ լրագրողների համար: Ոստիկանության աշխատակիցները արգելափակոցներ են տեղադրել եւ փակել են դեպի հուշահամալիր տանող գլխավոր մայրուղին: Եվս մեկ անցակետ տեղադրված է անմիջապես հուշահամալիրի մուտքի մոտ, որտեղ տեղակայված են ոստիկանության մեծաթիվ աշխատակիցները:
Հայտնի դարձավ, որ լրագրողների մուտքն արգելվելու է այնքան ժամանակ, քանի դեռ Սարդարապատում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Իսկ միջոցառումը լուսաբանելու իրավունք է ստացել միայն Հանրային հեռուստաընկերությունը: