Ուկրաինայում իրավիճակի պատճառով աշխարհում սովի մատնված մարդկանց թիվը կհասնի 218 միլիոնի
2021 թ. 53 երկրում մոտ 200 միլիոն մարդ ամեն օր սաստիկ սով է զգում, ցուցանիշը տասներկու ամսում ավելացել է 40 միլիոնով: Այս պատերազմն էլ ավելի կվատթարացնի սցենարը. առաջին գնահատականները բնակչության՝ եւս 18 միլիոն մարդով աճ են ցույց տալիս, Corriere della Sera-ի հետ հարցազրույցում ասել է ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության (FAO) փոխտնօրեն Մաուրիցիո Մարտինան:
«Համաշխարհային բանկի գնահատականներով՝ հիմնական սննդամթերքի 1 տոկոսով թանկացումը կարող է սովի վտանգի հանգեցնել առնվազն 10 միլիոն մարդու համար։ Ոչ մի ազգային քաղաքականություն չի կարող միայնակ լուծել համաշխարհային պարենային անապահովության խնդիրը: Մեզ նոր բազմակողմանի սեզոն է անհրաժեշտ է՝ պարենից սկսած»,- շեշտել է FAO-ի փոխտնօրենը։
Նրա խոսքով՝ Իտալիան Ուկրաինայից ներմուծել է եգիպտացորենի մոտ 13 տոկոսը։ Փափուկ ցորենի համար ուղիղ ներմուծումն ավելի ցածր է՝ մոտ 3 տոկոս, սակայն Իտալիան, անկասկած, տուժում է նաեւ համաշխարհային շուկայում գների աճի անուղղակի ազդեցությունից։ Ընդհանուր առմամբ, Ուկրաինայից Եվրոպա ցորենի արտահանումը 2020 թ. մոտ 5,4 միլիարդ եվրո է կազմել։ «Զարգացող երկրների համար իրավիճակը շատ ավելի նուրբ եւ մտահոգիչ է. պարենային ճգնաժամ ապրող 55 երկրներից առնվազն 36-ը կախված են Ուկրաինայից եւ Ռուսաստանից արտահանումից՝ իրենց ընդհանուր ցորենի ներմուծման ավելի քան 10 տոկոսի համար»,- ընդգծել է Մարտինան:
Նա նախազգուշացրել է, որ բացի այն խնդրից, որ տոննաներով առաջնային գյուղատնտեսական ապրանքներ, ինչպիսիք են ցորենն ու եգիպտացորենը, շաբաթներով մնում են նավահանգիստներում եւ կարող են փչանալ՝ բացասական ազդեցություն է նկատվում նաեւ պարարտանյութի գների եւ հասանելիության վրա։
«Եթե գներն այսքան բարձր մնան, իսկ դրանց հասանելիությունը զարգացող երկրների ֆերմերների համար գնալով դժվարանա, հետեւանքները շատ խնդրահարույց կլինեն եւ բերքատվության կտրուկ նվազման կհանգեցնեն»,- եզրափակել է ՄԱԿ-ի ներկայացուցիչը: