Իսրայելցի կանանց առաջին անգամ թույլ կտան ծառայել ուղղաթիռների որոնողափրկարարական էլիտար ստորաբաժանումում
Իսրայելցի կանանց առաջին անգամ թույլ կտան ծառայել ուղղաթիռների որոնողափրկարարական էլիտար ստորաբաժանումում, հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակը՝ գենդերային ակնհայտ անհավասարության վերաբերյալ երկրի գերագույն դատարան դիմելու ֆոնին, գրում է Times of Israel-ը:
Զինվորականների տվյալներով՝ ՑԱԽԱԼ-ի շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Ավիվ Կոխավին հավանություն է տվել իսրայելական ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Թոմեր Բարի առաջարկությանը՝ կանանց 669 ստորաբաժանումում մարտական դերերում ներգրավելու վերաբերյալ:
«Ռազմաօդային ուժերը կբացեն իրենց դռները այն կանանց համար, որոնք ցանկանում են դիմել հատուկ նշանակության ջոկատում մարտական դերերի համար՝ թույլ տալով ավելի լավ օգտագործել Իսրայելի պաշտպանության բանակի մարդկային կապիտալը»,- ասվում է հայտարարության մեջ: