Ռուս-ուկրաինական բանակցային գործընթացում լճացում է․ Չավուշօղլու
Այժմ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցային գործընթացում «լճացում է նկատվում»։ Խոսվում է միայն գերիների փոխանակման մասին, իսկ հրադադարի մասին խոսակցությունները հետին պլան են մղվել։ Այսպիսի հայտարարություն է արել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ Sabah-ին տված հարցազրույցում։
«Ռուս-ուկրաինական բանակցային գործընթացում լճացում է, Ուկրաինան նույնիսկ հայտարարեց, որ դադարեցրել է բանակցությունները։ Տեղում պայքարը շարունակվում է։ Բանակցություններ են ընթանում Ռուսաստանի կողմից գերեվարված ուկրաինացի և Ուկրաինայի կողմից գերի ընկած ռուս զինվորների փոխանակման շուրջ։ Հրադադարի շուրջ բանակցությունները հետին պլան են մղվել»,- ասել է Չավուշօղլուն։
Թուրք նախարարը նաև մատնանշել է հացահատիկի արտահանման խնդիրը, որը ուկրաինական նավահանգիստներում արգելափակված է ռուսական նավատորմի կողմից։ Չավուշօղլուի խոսքով՝ այժմ դրա արտահանումն անհնար է անվտանգության նկատառումներից ելնելով։ Սակայն այս հարցի քննարկումը շարունակվում է։