Թուրքիան գրեթե ավարտին է հասցրել Սիրիա ներխուժելու նախապատրաստական աշխատանքները
Թուրքական մամուլը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել Սիրիայում նոր ռազմական գործողություն սկսելու հնարավորությունը, որի մասին օրերս հայտարարել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Թեմայի շուրջ ուշագրավ մանրամասներ է ներկայացրել թուրքական հեղինակավոր Haberturk լրատվամիջոցի անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերը համակարգող Չեթիներ Չեթինը: Փոխանցում է Ermenihaber. am-ը։
Վերջինս նշում է, որ այս օրերին թուրքական ռազմական մեքենաները նախ հասել են թուրք-սիրիական սահմանին մոտ գտնվող Ադանա նահանգ, ապա տեղափոխվել սահմանամերձ շրջաններ:
«Նախապատրաստական աշխատանքների 90 տոկոսը ավարտին է հասցվել: Գործընթացի վերաբերյալ որոշումը պատկանում է Էրդողանին: Ռազմական գործողությունը սահմանափակվելու է Եփրատ գետի արևմտյան հատվածով: Թել Ռըֆաթը Թուրքիայի համար գլխացավանք է: Իսկ Եփրատից արևելք դրությունը այլ է: «Սիրիայի Ազատ բանակ» խմբավորման կազմում գտնվող արաբները ցանկանում են նաև Մանբիչը գրավել»,- նշել է Չեթինը:
Հիշեցնենք, որ Էրդողանը մայիսի 23-ին կայացած կառավարության նիստի ավարտից հետո ասուլիս էր տվել, որի ընթացքում հայտնել էր, որ Սիրիայում նոր ռազմական գործողություն կսկսեն առաջիկայում: