Տոկաևն առաջարկել է պայմաններ ստեղծել արտասահմանյան ընկերությունների տեղափոխման համար՝ հաշվի առնելով պատժամիջոցները
Այսօր դիտարկվող պատժամիջոցային առճակատումն աննախադեպ է իր էությամբ եւ հետեւանքներով։ Այս մասին հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում, գրում է Informburo.kz-ն։
Այդ կապակցությամբ նախագահն առաջարկել է դիտարկել Ղազախստանի երկու նախաձեռնությունները, որոնք համապատասխանում են ինտեգրացիոն ասոցիացիայի ներկա իրողություններին եւ կարիքներին։
«Առաջին. 2020 թվականի դեկտեմբերին մենք ընդունեցինք միության առանցքային փաստաթուղթը՝ «Եվրասիական տնտեսական միության զարգացման ռազմավարությունը»։ Այն իրականացնելու համար աշխատանքներ են սկսվել առաջնահերթ ոլորտներում փոխշահավետ համագործակցության եւ առեւտրատնտեսական կապերի ձեւավորման ուղղությամբ։ Հիմա իրական նախագծեր ու կոնկրետ արդյունքներ են պետք։ Մեր տեսանկյունից, դրա համար անհրաժեշտ է արագացնել ԵԱՏՄ անդամ երկրների համատեղ նախագծերի ավարտը, ինչպես նաեւ նոր ներդրումային նախագծեր նախաձեռնել»,- ասել է Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը։
«Առաջարկում եմ հատուկ ուշադրություն դարձնել օտարերկրյա ընկերությունների տեղափոխման համար հարմարավետ պայմանների ստեղծման հարցին՝ հաշվի առնելով պատժամիջոցների համատեքստը։ Նույնիսկ համաշխարհային հսկաները լավ են հասկանում ԵԱՏՄ-ի աշխարհատնտեսական դիրքի առավելությունը։ Բացի այդ, անհնար է անտեսել մեր 180 միլիոնանոց սպառողական շուկայի ներուժը»։
Տոկաեւն առաջարկել է այդ միջոցառումներն իրականացնել 12 ամսվա ընթացքում։
«Երկրորդ. Այս դժվարին պահին հատկապես արդիական է երրորդ երկրների եւ ինտեգրացիոն միավորումների հետ տնտեսական համագործակցության ընդլայնման եւ խորացման հարցը»։ Նրա խոսքով, այսօր բանակցություններ են սկսվում Ինդոնեզիայի հետ ազատ առեւտրի համաձայնագրի կնքման շուրջ։ Բանակցություններ են ընթանում նաեւ Հնդկաստանի հետ, Մոնղոլիայի հետ համաձայնագիրը մշակման փուլում է։