Կանաչապատման մակարդակի ավելացումը քաղաքներում կարող է տասնյակ հազարավոր կյանքեր փրկել. հետազոտություն
Մեծ թվով այգիների եւ այլ կանաչ գոտիների ստեղծումը կարող էր վերջին երկու տասնամյակում կանխել տասնյակ հազարավոր մահերը տասնյակ խոշոր ամերիկյան քաղաքներում, ասվում է նոր հետազոտության մեջ:
«Մենք գիտենք, որ բնակությունն առավել կանաչ շրջաններում կարող է դրական ազդեցություն ունենալ մեր ֆիզիկական եւ հոգեկան առողջության վրա, սակայն տվյալների պակաս կա այն մասին, թե ինչպես կանաչ տարածությունների տեղաբաշխումը կարող է ազդել մահացության մակարդակի վրա ողջ երկրի տարածքում»,- ընդգծել է հետազոտության հեղինակ, Բոստոնի համալսարանի առողջապահության դպրոցի մասնագետ Փեյջ Բրոշուն:
Իրենց հետազոտության համար գիտնականներն օգտագործել են ԱՄՆ բնակչության շրջանում անցկացված մարդահամարները, մահացության մասին տվյաները, որոնք ստացվել են ԱՄՆ Հիվանդությունների կանխման կենտրոնից, ինչպես նաեւ կանաչապատման մասին ՆԱՍԱ-ի տվյալները: Նրանք գնահատել են, թե ինչպես է կանաչ տարածության քանակությունը ԱՄՆ 35 քաղաքում ազդել 65-ից բարձր տարիքի մարդկանց շրջանում մահացության վրա:
Մասնագետները եկել են այն եզրահանգման, որ 34000-38000 մահվանից հնարավոր կլիներ խուսափել 2000-2019 թվականներին, եթե 0.1 ինդեքսով ավելանար բուսականության տարածվածությունը: