Ամերիկացի օրենսդիրներն ավելի ու ավելի են մտահոգվում, որ Էրդողանը «երկակի խաղ է խաղում»
Ամերիկացի օրենսդիրներն ավելի ու ավելի են մտահոգվում, որ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը «երկակի խաղ է խաղում», քանի որ հույս ունի քաղաքական շահեր կորզել եվրոպական անվտանգության դիմաց, հայտնում է Fox News-ը՝ վկայակոչելով աղբյուրներին։
Կոնգրեսում ոմանք ավելի ու ավելի են կասկածի տակ դնում Անկարայի հետ բանակցությունների անհրաժեշտությունը այն բանից հետո, երբ Էրդողանը քայլեր ձեռնարկեց արգելափակելու ՆԱՏՕ-ի ընդլայնումը այն ժամանակ, երբ Եվրոպան բախվում է Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր անվտանգության ամենամեծ սպառնալիքին:
Այս ամսվա սկզբին նախագահ Բայդենը Կոնգրեսին կոչ էր արել հաստատել 400 միլիոն դոլար արժողությամբ սպառազինությունների գործարքը, որը կամրապնդի F-16-երի Թուրքիայի պարկը՝ հրթիռներ, ռադարներ եւ սարքավորումներ տրամադրելով: Ակնկալվում է, որ Անկարայի օդային նավատորմը համալրելու երկրորդ առաջարկը կներկայացվի այս տարվա վերջին նոր F-16-երի մատակարարմամբ:
Այս քայլը, որն առնվազն ի սկզբանե պաշտպանվել է օրենսդիրների կողմից, կօգնի ամրապնդել Թուրքիայի հակաօդային պաշտպանությունը: Այն նաեւ կծառայի ՆԱՏՕ-ի դաշնակցի հետ Վաշինգտոնի հարաբերությունների բարելավմանը 2019 թվականին հարաբերությունների սառեցումից հետո, երբ ԱՄՆ-ն արգելափակեց Թուրքիային F-35 մարտական ինքնաթիռների վաճառքը՝ Անկարայի կողմից ռուսական С-400 պաշտպանական համակարգեր գնելուց հետո:
Սակայն Բայդենի կողմից հաստատված առաջարկի հայտնի դառնալուց երկու շաբաթ չանցած, Էրդողանն ասաց, որ Թուրքիան կարգելափակի ՆԱՏՕ-ին անդամակցության Շվեդիայի եւ Ֆինլանդիայի ներկայացրած հայտերը՝ մեղադրելով նրանց «ահաբեկիչներին» աջակցելու մեջ:
Բարձրաստիճան պաշտոնյան, որը տեղյակ է Կոնգրեսում շրջանառվող առաջարկին, Fox News-ին ասել է, որ Թուրքիան օգտագործում է Բայդենի վարչակազմին։ «Նրանք ազնիվ միջնորդ չեն եւ իրենց այնպես չեն պահում, ինչպես պետք է պահեն ՆԱՏՕ-ում դաշնակիցները»,- ասել է աղբյուրը: «Նրանք շատ ագրեսիվ են գործում իրենց շահերից ելնելով».
Սակայն Կոնգրեսում ոչ բոլորն են համոզված, որ ռազմական դաշինքի ընդլայնումն անպայմանորեն լավագույն տարբերակն է։ Հարցին ծանոթ աղբյուրն ասել է, որ Թուրքիայի հետ բանակցությունները, որոնք թույլ կտան Շվեդիային եւ Ֆինլանդիային միանալ ՆԱՏՕ-ին, «անհեռատես մտածողություն են»:
«Կան թերահավատության դրսեւորումներ ամբողջ աշխարհում»,- հավելել է աղբյուրը:
Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, սենատոր Բոբ Մենենդեսի ներկայացուցիչը Fox News-ին ասել է, որ առաջատար դեմոկրատը «լրջորեն անհանգստացած է Էրդողանի օրոք Թուրքիայի հակադեմոկրատական հետագծով, ներառյալ նրա սահմաններից դուրս անզուսպ ագրեսիան, տարաձայնությունների հրահրումն արեւելյան Միջերկրական ծովում, Հարավային Կովկասում եւ ՆԱՏՕ-ում».
Կոնգրեսի բարձրաստիճան աշխատակիցը նաեւ մատնանշել է 40 միլիարդ դոլար արժողությամբ օգնության փաթեթը, որը Կոնգրեսը վերջերս տրամադրել է Ուկրաինայի աջակցության համար, եւ ասել է, որ Հանրապետական կուսակցությունը նաեւ բավականին «թերահավատ» է արտակարգ իրավիճակների հսկայական հատկացումների օրինագծի հանդեպ:
«Դուք պետք է հաշվի առնեք ՆԱՏՕ-ի ընդլայնման ռիսկերը»,- ասել է նա: «Երբ այս պահի լարվածությունն անցնի, եւ մենք նայենք, թե ինչպիսին է եղել ԱՄՆ քաղաքականությունը Ուկրաինայի նկատմամբ 2014 թվականից, պետք է սթափ կշռադատել այս բաները»:
Սպիտակ տունը չի պատասխանել Fox News-ի այն հարցերին, թե աջակցում է արդյոք Բայդենը Թուրքիայի հետ զենքի մատակարարման գործարքին, եւ արդյոք վարչակազմը բանակցելու է՝ փորձելով Էրդողանին համոզել ընդլայնել ՆԱՏՕ-ն:
«Ֆինլանդիան եւ Շվեդիան ուղղակիորեն աշխատում են Թուրքիայի հետ՝ Անկարայի արտահայտած մտահոգությունները փարատելու համար»,- Fox News-ին ասել է Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչը: «Մենք վստահ ենք, որ Թուրքիայի մտահոգությունները հաշվի կառնվեն, եւ մենք, որպես դաշինք, կոնսենսուսի կգանք Ֆինլանդիայի եւ Շվեդիայի անդամակցության հարցում։ Միացյալ Նահանգները եւ Թուրքիան վաղեմի եւ սերտ երկկողմ պաշտպանական կապեր ունեն, եւ ՆԱՏՕ-ի հետ Թուրքիայի օպերատիվ համատեղության պահպանումը մնում է առաջնահերթություն»,- ասել է նա։