ՌԴ կառավարությունը Պետդումա է ներկայացրել օրինագիծ, որը duty free-ն թույլ է տալիս ՌԴ-ից ԵԱՏՄ երկրներ թռչողների համար
Ռուսաստանի Դաշնության կառավարությունը Պետդումա է ներկայացրել օրինագիծ, որը թույլ է տալիս անմաքս ապրանքների առեւտրի իրականացումը Ռուսաստանից Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներ թռչող ուղեւորներին, հայտնում է ՏԱՍՍ-ը։
2019 թվականին ԵԱՏՄ-ում ուժի մեջ է մտել նորմ, որը թույլ է տալիս միության այլ երկրներից՝ Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից եւ Ղրղըզստանից թռչող ներմիութենական ուղեւորներին գնումներ կատարել անմաքս առեւտրի խանութներից։ ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքի համաձայն՝ միության մի երկրից մյուս երկիր մուտք գործող եւ մեկնող ֆիզիկական անձինք կարող են duty free ապրանքներ ձեռք բերել։ Միեւնույն ժամանակ, Ռուսաստանի օրենսդրությունը պարունակում է ձեւակերպում, որը բացառում է Ռուսաստանից մեկնող ներմիության ուղեւորներին duty free ապրանքների վաճառքի հնարավորությունը։
«Այս նորմից բխում է անմաքս առեւտրի խանութի առեւտրային սրահներում ապրանքների վաճառքի արգելքը Ռուսաստանի Դաշնությունից միության անդամ մեկ այլ պետություն մեկնող ֆիզիկական անձանց համար», ասվում է բացատրական գրության մեջ:
Այս օրենքի նախագծի հետ կապված նախատեսվում է սահմանել նույն թույլտվությունը Ռուսաստանի Դաշնությունից միության անդամ մեկ այլ պետություն մեկնող ֆիզիկական անձանց անմաքս ապրանքների խանութի առեւտրային սրահներում ապրանքների վաճառքի համար՝ միության Մաքսային օրենսգրքի կիրառման միատեսակ մոտեցում սահմանելով, ինչը «հավասար մրցակցային պայմաններ կստեղծի Ռուսաստանի Դաշնությունում եւ միության անդամ մյուս երկրներում անմաքս առեւտրի խանութների համար», ասել են կառավարությունում։