ԱՄՆ-ը պատրաստվում է հաստատել Ուկրաինային մեծ հեռահարության հրթիռային համակարգերի մատակարարումը
Ջո Բայդենի վարչակազմը պատրաստվում է մեծացնել այն սպառազինության քանակը, որ առաջարկում է Ուկրաինային՝ ուղարկելով մեծ հեռահարության հրթիռային առաջադեմ համակարգեր, հայտնում է CNN-ը։
Վարչակազմը հակված է համակարգերն Ուկրաինա ուղարկել ռազմական օգնության ավելի մեծ փաթեթի շրջանակներում, որի մասին կարող է արդեն հաջորդ շաբաթ հայտարարվել:
Ուկրաինայի բարձրաստիճան պաշտոնյաները, այդ թվում՝ նախագահ Վլադիմիր Զելենսկին, վերջին շաբաթներին խնդրել են ԱՄՆ-ին եւ նրա դաշնակիցներին համազարկային կրակի հրթիռային համակարգեր տրամադրել։ Ամերիկյան արտադրության սպառազինության համակարգերը կարող են հրթիռները հարյուրավոր կիլոմետրեր հեռավորությամբ արձակել, ինչը ուկրաինացիների կարծիքով՝ կարող է փոխել խաղի կանոնները Ռուսաստանի դեմ իրենց պատերազմում:
Մյուս զինատեսակը, որը Ուկրաինան խնդրել է, բարձր շարժունակությամբ հրետանային հրթիռային համակարգ է, որը հայտնի է որպես HIMARS՝ ավելի թեթեւ անվավոր համակարգ, որը կարող է կրակել նույն տեսակի զինամթերքով, ինչ համազարկային կրակի հրթիռային համակարգերը:
Բայդենի վարչակազմը շաբաթներ շարունակ հրաժարվում էր համակարգեր մատակարարել՝ Ազգային անվտանգության խորհրդում բարձրացված մտավախությունների ֆոնին, որ Ուկրաինան կարող է դրանք օգտագործել Ռուսաստանի տարածքում հարձակողական գրոհներ իրականացնելու համար, հայտարարել են պաշտոնատար անձինք։