Աֆրիկայում ուկրաինական ճգնաժամի պատճառով 1,8 միլիոն մարդ կարող է ծայրահեղ աղքատության մեջ հայտնվել
Աֆրիկայում ուկրաինական ճգնաժամի պատճառով առաջացած տնտեսական խնդիրների հետեւանքով 1,8 միլիոն մարդ կարող է ծայրահեղ աղքատության մեջ հայտնվել։ Այս մասին ասվում է Աֆրիկյան զարգացման բանկի (ԱԶԲ) «Աֆրիկայի տնտեսական հեռանկարները 2022 թվականին» անվանումով զեկույցում։
Այն հրապարակվել է չորեքշաբթի Գանայի մայրաքաղաք Աքրայում, որտեղ անցկացվում է ԱԶԲ-ի տարեկան համաժողովը, որն այս անգամ նվիրված է «Աջակցություն կլիմայի կայունությանը եւ արդար էներգետիկ անցում Աֆրիկայի համար» թեմային, հաղորդում է Maghreb Arabe Presse-ը:
«Կորոնավիրուսի համավարակը եւ ռուս-ուկրաինական հակամարտությունը սպառնում են երկարատեւ հետք թողնել Աֆրիկայում,- նշվում է փաստաթղթում,- Աֆրիկայում մոտ 30 միլիոն մարդ 2021 թվականին հայտնվել է ծայրահեղ աղքատության մեջ, այդ տարում համավարակի պատճառով մայրցամաքում կորել է 22 միլիոն աշխատատեղ»: ԱԶԲ-ի զեկույցի հեղինակների կարծիքով՝ այս ոլորտում բացասական միտումը կշարունակվի 2022 թվականի երկրորդ կիսամյակում, ինչպես նաեւ՝ 2023 թվականին։
Բացի այդ, 2022 թվականին աֆրիկյան մայրցամաքում եւս 1,8 միլիոն մարդ կարող է ընկնել ծայրահեղ աղքատության մեջ՝ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ հակամարտության հետեւանքով առաջացած տնտեսական խնդիրների պատճառով: «Այս ցուցանիշը 2023 թվականին կարող է աճել եւս 2,1 միլիոնով»,- ընդգծել են ԱԶԲ-ում։ Ինչպես պարզաբանել են զեկույցի հեղինակները, «Ռուսաստանն ու Ուկրաինան աֆրիկյան մայրցամաքի հացահատիկի հիմնական մատակարարներն են»։
«Համավարակի եւ ուս-ուկրաինական հակամարտության հետեւանքով առաջացած ինֆլյացիոն ճնշումների պատճառով Աֆրիկայում տնտեսական աճը կարող է դանդաղել մինչեւ 4,1 տոկոս 2022 թվականին եւ մնալ նույն մակարդակի վրա 2023 թվականին»,- ասվում է փաստաթղթում։
ԱԶԲ-ն համոզված է, որ Աֆրիկային շտապ անհրաժեշտ է հակաճգնաժամային քաղաքականություն, ներառյալ սուբսիդիաների տրամադրում՝ պարենի եւ էներգիայի գների աճի հետեւանքները մեղմելու համար: