Էրդողանն ու Մակրոնը քննարկել են Շվեդիայի ու Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ էմանուել Մակրոնի հետ։ Այս մասին հայտնում է Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչությունը։ Փոխանցում է Ermenihaber.am-ը։
Նշվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են թուրք-ֆրանսիական հարաբերությունները, տարածաշրջանային մի շարք հարցեր, այդ թվում՝ ռուս-ուկրաինական պատերազմը և Շվեդիայի ու Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը։
Էրդողանը պնդել է, որ ցանկանում են, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հնարավորինս շուտ խաղաղություն հաստատվի, և այս ուղղությամբ իրենք շարունակում են խրախուսել երկու երկրներին երկխոսության և դիվանագիտության ճանապարհին։
Էրդողանը Մակրոնի հետ զրույցում վերահաստատել է Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում Թուրքիայի դիրքորոշումը։
Թուրքիայի նախագահը նշել է, որ Շվեդիայի և Ֆինլանդիայի շփումները Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցություն» (PKK-ՔԲԿ) ռազմաքաղաքական կազմակերպության անդամների և «այսպես կոչված կազմակերպությունների» հետ կապերը համատեղելի չեն լինի ՆԱՏՕ-ի ոգու հետ։