Ծնողները շատ փաստեր ունեն, որոնք ապացուցում են, որ կատարվել է պետական դավաճանություն. Կարին Տոնոյան
Մենք երեկ հերթական դատական նիստի ընթացքում ականատես եղանք մեր նկատմամբ բավականին կամայական մոտեցման: Այս մասին, այսօր՝ մայիսի 26-ին, ԲԴԽ-ի դիմաց զոհված զինծառայողների հարազատների բողոքի ակցիայի ժամանակ նշեց «5165 շարժման» ղեկավար, 44-օրյա պատերազմում զոհված Մենուա Հովհաննիսյանի մայր Կարին Տոնոյանը:
«Նախ հենց սկզբից արդեն դատավորի վերաբերմունքն այնպիսին էր, որ մեր ներկայությունը, առավել ևս դատին մասնակից լինելու մեր պահանջը, համենայնդեպս ցանկալի չէ։ Մեր փաստաբանի միջնորդությանը, որպեսզի զոհված զինծառայողների ծնողները որպես տուժող կողմ դառնան երրորդ անձ, դատավորը պատասխանեց այդ պահանջին՝ ի՞նչ պետք է ասեն ծնողները, որ դուք դեռ չեք ասել։ Զարմանում եմ՝ դատավորը որտեղից գիտի, թե մենք ինչ ունենք ասելու։ Իսկ մենք շատ բան ունենք ասելու։ Այն փաստերը, որոնք տիրապետում են ծնողները, փաստաբաներից որևէ մեկը, դատավորը չի տիրապետում, քանի որ յուրաքանյուր ծնող գնացել է իր երեխայի հետ կատարվածի հետևից և ծնողները շատ փաստեր ունեն, որոնք ապացուցում են, որ կատարվել է պետական դավաճանություն, և մեր երեխաները ոչ թե զուտ պատերազմի զոհ են, այլ դավադիր, կազմակերպված պատերազմի ու պետական դավաճանության զոհ են։
Հետևաբար, մեր պահանջն է, որ նախ պարտադիր ներկա լինենք դատական նիստերին, մեզ տրվի երրորդ կողմի կարգավիճակ, որպեսզի մենք նիստերին հարց տալու կամ ինչ որ բան ասելու իրավունք ունենանք»,- ասաց Կարին Տոնոյանը։
Նա նաև նշեց, որ սովորաբար դատախազները դատի ժամանակ ավելի շատ տուժողի կողմից են, բայց իրենք ականատես են լինում այս նիստերին, որ դատավորը, դատախազները փոխադարձ իրար են պաշտպանում հենց տուժողների դեմ։
«Սա մեզ համար արդեն մտածելու տեղիք տվեց, որ այս դատը հնարավոր չէ լիարժեք իրավական դաշտում տեղի ունենա, արդեն կա միտում, թե որ ուղղությամբ տանել դատը։ Սրանք մեր ենթադրություններն են, հիմքը տվել են դատավորն ու դատախազը»,- ասաց Կարին Տոնոյանը։
Նա ասաց, որ իրենք այսօր բողոքի ակցիա են իրականացնում ԲԴԽ դիմաց, քանի որ բոլոր հրահանգները հենց ԲԴԽ-ից են իջեցվում. «Մեր պահանջն է ԲԴԽ-ից՝ դատական նիստերը լինեն դռնբաց, ծնողներին թույլ տան մասնակցեց նիստերին ընդ որում որպես երրորդ կողմ, թույլ տան լրատվամիջոցներին նույնպես ներկա լինեն նիստերին, որպեսզի բավարարվի հանրային հետաքրքրությունը, լսեն այն սահմռկեցուցիչ հանգամանքները, որոնց պայմաններում զոհվել են մեր զավակները։ Ում պատմում ես, խելագարվում են»։
Նա կարծում է, որ հենց այս փուլում որոշում կայացվեց նիստն անցկացնել դռնփակ, որովհետև արդեն պետք է խոսեին փաստերի մասին, ինչը հանրային հետաքրքրություն ունեցող նյութ է. «Առիթն էլ եղավ. ծնողները վրդովվեցին, որը վերածվեց վեճի, ինչն էլ առիթ դարձավ, որպեսզի մեզ զրկեն նիստերին մասնակցելու իրավունքից, նիստերն անցկացնեն դռնփակ»։
Նշենք, որ նախօրեին որոշում կայացվեց, որ Վերաքննիչ քրեական դատարանում Նիկոլ Փաշինյանի կողմից պետական դավաճանության հատկանիշներով քրգործ հարուցելու պահանջով բողոքի քննությունը կանցկացվի դռնփակ, քանի որ երեկվա նիստի ժամանակ ծնողները խոչընդոտեցին դատական նիստը, անգամ բանը հասավ ծեծկռտուքի ու հայհոյանքների: