Երևանում Գ. Քոչարի փողոցի 4,6 հասցեներում գտնվող հուշարձան շենքը կփոփոխվի. Փողոցի կողմից կամրջակներ կկառուցվեն
Հայաստանի կառավարությունն իր այսօրվա նիստում Երևան քաղաքի Գ. Քոչարի փողոցի 4,6 հասցեներում գտնվող հուշարձան շենքի փոփոխման մասին որոշում կայացրեց:
Որոշման ընդունումը պայմանավորված է հուշարձանի առավել արդյունավետ օգտագործման անհրաժեշտությամբ:
Գ. քոչարի փողոցի 4, 6 շենքը կառուցվել է 1940-1960 թթ.: Այս համալիրը նախագծվել է 1935 թ. որպես պոլիգրաֆիական արդյունաբերության գլխավոր վարչության շենք:
Համալիրը համարվում է հանրապետական նշանակության հուշարձան: Այն ունի քարե կրող պատեր, բարդ ուրվագծային հատակագիծ: Մասնաշենքի կոնստրուկտիվ համակարգը լուծված է լայնական և երկայնական ուղղություններով տեղադրված պատերով:
Որոշման նախագծի ընդունման դեպքում, նախատեսվող առաջին հարկի պատուհաններից 7-ի բացվածքները կվերակառուցվեն դռների բացվածքների, նկուղային հարկում 2 նոր բացվածքներ կբացվեն, ինչպես նաև փողոցի կողմից երեք կամրջակներ կիրականացվեն, որոնք կկապեն առաջին հարկն անմիջապես մայթի հետ: «
Նշյալ փոփոխությունները կապահովեն հուշարձան-շենքի տարածքների արդյունավետ և հարմարավետ օգտագործում: