Ճապոնիայի ստորին պալատի խոսնակը մեղադրվում է սեռական ոտնձգությունների մեջ
Ճապոնիայի խորհրդարանի ստորին պալատի նախագահ եւ 78-ամյա ազդեցիկ քաղաքական գործիչ Հիրոյուկի Հոսոդան սկանդալի կենտրոնում է հայտնվել՝ կին լրագրողների նկատմամբ իր ենթադրյալ ոտնձգությունների պատճառով: Ընդդիմադիր կուսակցությունները մտադիր են լսումների ժամանակ մեղադրանքների հետաքննություն պահանջել, հաղորդում է The Asahi-ն:
Ավելի վաղ հայտնի Shukan Bunshun շաբաթաթերթը երկու անգամ հայտնել էր, որ Հոսոդան բազմիցս անհանգստացրել է խորհրդարանում հավատարմագրված կին լրագրողներին՝ հարցնելով՝ արդյո՞ք նրանք «սիրեկան ունեն»: Նա նաեւ իբր զանգահարել ու ուշ գիշերին իր տուն է հրավիրել նրանց։ Նա, ըստ հաղորդումների, լրագրողներից մեկին հատկապես համառորեն է հրավիրել իր մոտ:
Հոսոդան կտրականապես հերքում է այդ մեղադրանքները։ Հինգշաբթի նա հայտարարել է, որ չի բացառում դատական հայցը շաբաթաթերթի դեմ:
Առաջատար ընդդիմադիր Սահմանադրական-դեմոկրատական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Սումիո Մաբուչին նախօրեին հայտարարել էր, որ ստորին պալատի նախագահի պահվածքն «ամոթալի է, եթե հաղորդումները համապատասխանում են իրականությանը»։ Նա կոչ է արել իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցությանը հետաքննություն անցկացնել այդ հարցը: