Կարեն Աղամալյան․ Կարեն Տոնականյանն իր բռնցքամարտը ցույց չտվեց
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանն ամփոփել է Եվրոպայի առաջնության երրորդ մրցումային օրը:
13 բռնցքամարտիկով Եվրոպայի առաջնությանը մասնակցող Հայաստանի հավաքականը մայիսի 25-ին երեք մասնակից ուներ, որոնցից հաղթանակ տարավ միայն 86 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը: Կարեն Տոնականյանն(60 կգ) ու Վախթանգ Հարությունյանը (75 կգ) պարտվեցին եւ դուրս մնացին պայքարից:
«Կարեն Տոնականյանից հաղթանակ էինք սպասում, բայց չստացվեց: Նա իր մենամարտը չարեց: Չեմ կարող ասել՝ վնասվածքը խանգարեց, թե ոչ, բայց նա իր բռնցքամարտը ցույց չտվեց:
Այսօր մեզ ուրախացրեց Ռաֆայել Հովհաննիսյանը: Նա գերազանց մենամարտ անցկացրեց: Երկու ռաունդ մինչեւ վերջ աշխատեց, վերջին ռաունդում՝ մինչեւ 2 րոպե 50 վայրկյան փայլուն աշխատանք կատարեց: Միայն վերջին վայրկյաններին իր համար բարդություններ ստեղծեց: Ամեն դեպքում գեղեցիկ հաղթանակ տարավ: Ռաֆայել Հովհաննիսյանը երկար ժամանակ մեծ ռինգ դուրս չէր եկել: Հաջորդ մենամարտում ավելի ուշադիր կլինի եւ զերծ կմնա խնդիրներից:
Վախթանգ Հարությունյանի մենամարտի մասին լավ բան ասել չեմ կարող»,- ասաց Կարեն Աղամալյանը:
Մայիսի 26-ին Եվրոպայի առաջնության ռինգ են դուրս գալու Հովհաննես Բաչկովը, Դավիթ Չալոյանը, Գուրգեն Մադոյանը եւ Նարեկ Մանասյանը: