Ֆրանսիայի հրապարակում տեղի է ունենում ընդդիմադիր պատգամավորների մասնակցությամբ հարցուպատասխանը (Տեսանյութ)
Ֆրանսիայի հրապարակում ժամը 16։30–ին կմեկնարկի «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորների մասնակցությամբ հարցուպատասխանը։
Նկատենք, որ այս ժամին Ազգային ժողովում տեղի է ունենում Կառավարության հետ հարցուպատասխանը։ Ընդդիմադիր խմբակցությունները մեկ ամիս է՝ չեն մասնակցում ԱԺ աշխատանքներին։
Նշենք, որ այսօր առավոտյան «Դիմադրություն» շարժման մասնակիցները Ֆրանսիայի հրապարակից երթով շարժվել էին նախագահական նստավայր՝ Բաղրամյան 26, շրջափակել շենքի մուտքերը։
Ցուցարարները փակել էին նաեւ նախագահականի նստավայրին մոտ Անվտանգության խորհուրդի շենքի մուտքերը։ Մոտ երեք ժամ այստեղ մնալուց հետո, «Դիմադրություն» շարժման մասնակիցները երթ անցկացրեցին։ ՀՀ–ում Եվրոպական միության դեսպանատան մոտ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը հայտարարեց, թե ԵՄ դեսպանությունը «Դիմադրություն» շարժման ակցիաների ժամանակ ցուցարարների նկատմամբ կիրառված բռնությունը չի դատապարտում։
«Ամոթ, ամոթ»,– վանկարկեցին ցուցարարնեը։
Քիչ անց շարժման մասնակիցները շարունակեցին երթը։ Իշխան Սաղաթելյանը կոչ արեց չորս կողմից փակել Մաշտոց–Պարոնյան խաչմերուկը։ Շուրջ 30 րոպե խաչմերուկը շրջափակման մեջ պահելուց հետո ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը հյայտարարեց, որ դադարեցնում են շրջափակումը եւ Մաշտոցի պողոտայով շարժվեցին Ֆրանսիայի հրապարակ:
«Դիմադրություն» շարժման այսօրվա հանրահավաքը տեղի կունենա Գարեգին Նժդեհի հրապարակում, ժամը՝ 19։00–ին։