Բայդենը վերջնականապես որոշել է ԻՀՊԿ-ն թողնել «ահաբեկիչների սեւ ցուցակում»
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վերջնականապես որոշել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը թողնել «ահաբեկիչների սեւ ցուցակում», ինչն էլ ավելի է բարդացնում 2015 թ. Իրանի միջուկային համաձայնագրի վերականգնմանն ուղղված միջազգային ջանքերը:
Ինչպես հայտնում է Politico-ն՝ վկայակոչելով իր աղբյուրը, Բայդենն իր որոշման մասին հայտնել է ապրիլի 24-ին Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթի հետ հեռախոսազրույցի ժամանակ՝ հավելելով, որ որոշումը փոխանցվել է որպես վերջնական, իսկ իրանական զիջումների համար պատուհանը փակ է։
Ավելի ուշ Բենեթը հաստատել է Բայդենի հետ իր զրույցի բովանդակությունը։ «Ես ողջունում եմ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն օտարերկրյա ահաբեկչական կազմակերպությունների ցանկում պահելու ԱՄՆ վարչակազմի որոշումը», - հավելել է նա։
Միացյալ Նահանգներն Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն «օտարերկրյա ահաբեկչական կազմակերպությունների» ցանկում ներառել էր 2019թ. Դա «առավելագույն ճնշման» արշավի մի մաս էր, որն այն ժամանակվա նախագահ Դոնալդ Թրամփը գործադրեց Իրանի դեմ այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն դուրս եկավ միջուկային համաձայնագրից:
Բայդենի վարչակազմի պաշտոնյաներն ավելի քան մեկ տարի անցկացրել են հաճախ անուղղակի քննարկումների մեջ եվրոպացի, իրանցի եւ այլ պաշտոնյաների հետ՝ նպատակ ունենալով վերականգնել միջուկային համաձայնագիրը: Բայց մինչ բանակցությունները զգալի առաջընթաց են գրանցել, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին որպես ահաբեկիչ ճանաչելը հիմնական խոչընդոտն է դարձել համաձայնագրի վերջնական վերականգնման ճանապարհին:
Իրանցի պաշտոնյաները ցանկանում են, որպեսզի Միացյալ Նահանգները հանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի պիտակը մինչ Թեհրանը կվերադառնա միջուկային համաձայնագրին հետեւելուն: Սակայն Միացյալ Նահանգները հրաժարվել է դա անել, քանի դեռ Իրանը չի գնում անվտանգության հետ կապված որեւէ այլ զիջման, բացի միջուկային գործարքից:
Բայդենի վարչակազմի պաշտոնյաները վերջին շաբաթներին ակնարկել են, որ ավելի ու ավելի քիչ են հակված դիտարկել ահաբեկչի կարգավիճակի չեղարկման հարցը, հատկապես, երբ ինչպես դեմոկրատ, այնպես էլ հանրապետական օրենսդիրներին զգուշացնում են չանել դա: Պաշտոնյան հստակ հասկացրել է, որ վարչակազմի դիրքորոշումը չի փոխվի, «հատկապես՝ հաշվի առնելով ԻՀՊԿ-ի կողմից ամերիկացիներին ուղղված սպառնալիքները»:
2015-ի համաձայնագրի վերականգնման որոշ կողմնակիցներ նշում են, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ներառումն օտարերկրյա ահաբեկչական կազմակերպությունների ցանկում էական ազդեցություն չի ունեցել Իրանի նկատմամբ ԱՄՆ քաղաքականության վրա, քանի որ ԻՀՊԿ-ն արդեն բազմաթիվ այլ պատժամիջոցների տակ էր, եւ կարծում են, որ որոշումը արժե չեղարկել՝ միջուկային գործարքը վերականգնելու համար:
Սակայն միջուկային համաձայնագրի հակառակորդները նշում են, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը վտանգ է ներկայացնում Մերձավոր Արեւելքի մեծ մասի համար եւ լուրջ վտանգ՝ Իսրայելի, ինչպես նաեւ Միացյալ Նահանգների համար: