Թուրքիայի Անվտանգության խորհուրդը կքննարկի ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի եւ Շվեդիայի անդամակցության հայտերը
Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ, մայիսի 26-ի նիստին կքննարկի ՆԱՏՕ-ին՝ Ֆինլանդիայի եւ Շվեդիայի անդամակցության հայտերը, իրավիճակը Հյուսիսային Իրաքում «հակաահաբեկչական գործողության» գոտում, ինչպես նաեւ Հունաստանի «ռազմական զինանոցի ընդլայնումը», հայտնում է Anadolu-ն։
Նիստի ընթացքում կշոշափվեն Անկարային հետաքրքրող այլ թեմաներ, այդ թվում՝ Ուկրաինայում պատերազմի թեման։ Սեւ ծովի հյուսիսում ստեղծված իրավիճակի համատեքստում մտքերի փոխանակում տեղի կունենա Ուկրաինայի շուրջ Թուրքիայի խաղաղարար նախաձեռնությունների, միջնորդական նախաձեռնությունների, մարդասիրական օգնության մատակարարումների եւ երկարաժամկետ զինադադարի հասնելու ջանքերի շուրջ։
Ինչ վերաբերում է Էգեյան եւ Միջերկրական ծովի արեւելյան հատվածում տիրող իրավիճակին, հանդիպման մասնակիցները մանրամասն կքննարկեն Թուրքիայի եւ այսպես կոչված «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության» «շահերի ու իրավունքների» պաշտպանության թեման։
Խորհրդի անդամները կքննարկեն նաեւ Թուրքիայի հարավային սահմանների երկայնքով անվտանգության գոտու ստեղծմանն ուղվված քայլերը, այդ թվում՝ «հակաահաբեկչական գործողությունների» անցկացումը։