Կիևը դադարեցրել է անվտանգության երաշխիքների շուրջ բանակցությունները․ ՌԴ ԱԳՆ
Կիեւի անվտանգության երաշխիքների թեման քննարկվում էր բանակցությունների ընթացքում, սակայն Կիեւն ինքը դադարեցրել է գործընթացը, եւ նոր փորձերի մասին հայտնի չէ, չորեքշաբթի հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
Մեկնաբանելով Կիեւի անվտանգության երաշխիքներ մշակելու համար միջազգային խորհրդատվական խումբ ստեղծելու հնարավորության մասին Վլադիմիր Զելենսկու աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակի հայտարարությունները՝ Ռուդենկոն ասել է, որ «առաջին անգամ է լսում այդ մասին»։
«Նման խոսակցություն եղել է մեր բանակցային գործընթացի համատեքստում։ Բայց այն բանից հետո, երբ Ուկրաինան դադարեցրեց իր մասնակցությունը, ես որեւէ այլ փորձի մասին չեմ լսել»,- հավելել է Ռուդենկոն։
Նրա խոսքով, Ռուսաստանի Դաշնությունը կասկածում է իրավիճակի խաղաղ լուծում գտնելու Կիեւի ցանկության անկեղծությանը, Մոսկվայի հետ բանակցությունների վերսկսման համար Կիեւի առաջադրած պայմանները կառուցողական չեն։
Ավելի վաղ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Ռուսաստանի Դաշնության հետ բանակցությունների շարունակությունը հնարավոր է միայն Ուկրաինայից ռուսական զորքերի դուրսբերման պայմանի դեպքում։
«Սրա հետ կապված՝ մենք դժվար թե կարողանանք այս հայտարարությունը որպես կառուցողական գնահատել։ Ուզում եմ հիշեցնել, որ Ուկրաինան ակտիվորեն մասնակցում էր բանակցություններին, ըստ էության, ռազմական գործողության մեկնարկի առաջին իսկ օրվանից եւ որեւէ պայման չի դրել։ Եվ եթե հիմա նրանք դնում են այս պայմանները, ապա դա մեզ ստիպում է կասկածել խաղաղ լուծում գտնելու նրանց ցանկության անկեղծությանը»,- լրագրողներին ասել է Ռուդենկոն։