«Արաբկիր» բժշկական համալիրում կատարվել է երիկամի 200-րդ փոխպատվաստումը. 200 փրկված կյանք` դոնորների եւ բժիշկների նվիրումով ու ջանքերով
Երիկամի առաջին փոխպատվաստումն այստեղ արվել է 1991թ-ի մայիսին: Ծրագրի գաղափարը պրոֆեսոր Արա Բաբլոյանի մոտ ծնվել է երկրաշարժից հետո, երբ ավերակների տակ մնացած բազմաթիվ մարդկանց, նրանց մեջ եւ երեխաների, կարիք էր լինում երիկամի հեմոդիալիզ իրականացնել: Սակայն հեմոդիալիզը, հատկապես երեխաների դեպքում, խնդրի վերջնական լուծում լինել չէր կարող, այն ազդում է կյանքի որակի վրա: Փոխպատվաստումն ավելի արդյունավետ ու երաշխավորող մոտեցում է համարվում:
Երիկամի փոխպատվաստումն իրականացնում է բազմամասնագիտական թիմը: Նախ ընտրվում է պացիենտ-դոնոր զույգը` բոլոր` բժշկական, հոգեբանական եւ այլ ասպեկտներ քննարկելով եւ հաշվի առնելով, ապա տեղի է ունենում բուն վիրահատությունը: Վիրաբույժներն աշխատում են երկու վիրասրահներում` զուգահեռաբար: Առաջինում դոնորից օրգանը վերցնելու, երկրորդում ռեցիպիենտի մարմնում այն տեղադրելու պրոցեսներն են ընթանում: Վիրահատությունից հետո էլ հետվիրահատական փուլն է եւ, իհարկե, օրգան-փոխպատվաստված պացիենտների դիսպանսեր հսկողության մշտական գործընթացը:
«Արաբկիր» ԲՀ-ում գործող օրգան-փոխպատվաստված պացիենտների դիսպասեր բաժանմունքն, ի դեպ, միակն է Հայաստանում: Այս պահին այստեղ գրանցված է 180 մարդ, մեծամասնությունը` 163-ը, փոխպատվաստված երիկամով, 16-ը` լյարդով եւ մեկ պացիենտ` փոխպատվաստված սրտով:
Տեսանյութում ներկայացվում են մանրամասներ երիկամի փոխպատվաստման մասին. պացիենտները պատմում են նախա-, բուն եւ հետվիրահատական բարդ ճանապարհին իրենց կյանքի պատմությունը` նշելով, որ բժիշկների նկատմամբ վստահությունն ու խնդրին միասնաբար լուծում տալու կամքն այս գործում ամենակարեւորն են: