Ցուցարարները բացեցին նախագահական նստավայրի մուտքերը. Երթ սկսվեց
Երկու ժամից ավելի Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող և Հայաստանի ու Արցախի անվտանգությամբ մտահոգ քաղաքացիները շրջափակած են պահել նախագահական նստավայրը։
ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ իրենց ասացին՝ գրեթե 155 աշխատակիցներից ոչ մեկը չի կարողացել մտել շենք։ Նա նշեց, որ այս տարածքում է գտնվում Համահայկական հիմնադրամի շենքը, որի աշխատակիցները նույնպես չեն կարողացել մտնել աշխատավայր։ Շրջափակված է նաև այս տարածքում գտնվող Անվտանգության խորհրդի շենքը։
Նրա փոխանցմամբ, առաջարկություն կա, որ ամեն դեպքում ընդդիմադիր պատգամավորները բարձրանան Անվտանգության խորհրդի շենք ու ժողովրդի պահանջը հենց տեղում ներկայացնեն. «Այս ընթացքում այդ շենքից հակապետական ու հակահայկական բազմաթիվ հայտարարություններ են հնչել»,- ասաց Սաղաթելյանը։
Այնուհետև անհնազանդության ակցիայի մասնակիցները բացեցին նախագահական նստավայրի մուտքերն ու սկսեցին Պռոշյան փողոցով երթով շարժվել։