Թուրքիայում արգելել են բացել Խոջալուի դեպքերին նվիրված թանգարանը
Թուրքական մայրաքաղաք Անկարայի իշխանությունները թուլյ չեն տվել Անկարայում բացել այսպես կոչված' Խոջալուի ցեղասպանության թանգարան' նախաձեռնողներից պահանջելով փոխել կառույցի անվանումը:Այս մասին գրում է ermenihaber-ը:
Ըստ թուրքական «Հյուրիյեթ» պարբերականի էլեկտրոնային կայքի'Անկարայի իշխանությունները պատճառաբանել են, որ թանգարանի անվան մեջ «ցեղասպանություն » բառի առկայությունը դիվանագիտական տեսակետից խնդիրներ կարող է առաջացնել: Ուստի թանգարանի բացման նախաձեռնությամբ զբաղվողներն այժմ նոր անվանում են որոնում:
Նշենք, որ Անկարայի Քըզըլջահամամ թաղամասում, որտեղ նախատեսվում է կառուցել վերոնշյալ թանգարանը, Ադրբեջանի կառավարության աջակցությամբ ընթանում են նաև «Խոջալու» այգու շինարարական աշխատանքները:
1992 թ.-ի փետրվարի 26-ին, Ղարաբաղյան պատերազմի ընթացքում Աղդամ քաղաքի մերձակայքում չպարզված հանգամանքներում զոհվել են 200-ից 300 մարդ (համաձայն միջազգային Human Right Watch իրավապաշտպան կազմակերպության տվյալների, իսկ Ադրբեջանի կողմից քարոզվող տարբերակով, զոհվել է ավելի քան 600 մարդ), ովքեր Ադրբեջանի իշխանության կողմից միտումնավոր կերպով պահվել են ռազմական գործողությունների կիզակետում: Խոջալուի բնակչությունը մի քանի ամիսների ընթացքում ստիպողաբար մնացել է բնակավայրում և Ադրբեջանի իշխանությունների կողմից միտումնավոր կերպով չի տարհանվել՝ հետագայում նրանց որպես կենդանի վահան օգտագործելու նպատակով:
Խոջալուի բնակչությունը ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի կողմից առանձնացված հումանիտար միջանցքով դուրս է եկել բնակավայրից, առանց որևէ խոչընդոտների անցել է ավելի քան 10 կմ և հասել է մինչև ադրբեջանցիների կողմից վերահսկվող Աղդամ քաղաքը: Ավելի ուշ ադրբեջանական զինված ուժերին բավական մոտ գտնվող հատվածում հայտնաբերվել են զոհվածների մարմինները: Զոհվածների իրական քանակը հայտնի չէ, քանզի պաշտոնական Բաքուն հրապարակում է միմյանց հակասող թվեր: Խաղաղ բնակիչների այս ողբերգական զոհերի հետաքննության համար ստեղծված Ադրբեջանի խորհրդարանի հանձնաժողովը Հեյդար Ալիևի հրամանով լուծարվել է, իսկ հետաքննությանը վերաբերվող նյութերը սկսել են գաղտնի պահվել: