Հյուսիսային Կորեան միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի փորձնական արձակում է իրականացրել․ Սեուլ
Հյուսիսային Կորեան ծովում ենթադրյալ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի եւ փոքր հեռահարության երկու հրթիռի փորձնական արձակում է կատարել Ասիա նախագահ Ջո Բայդենի կատարած ուղեւորությունից ժամեր անց, պնդում է Սեուլը, հայտնում է AP-ն։
Հաստատվելու դեպքում դա կլինի Հյուսիսային Կորեայի միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի առաջին արձակումը մոտ երկու ամսվա ընթացքում՝ ԱՄՆ-ի հետ միջուկային դիվանագիտության փակուղու ֆոնին:
Հյուսիսային Կորեան մարտին հայտարարել է, որ իր ամենաերկար հեռահարության հրթիռի փորձնական արձակում է իրականացրել՝ միջուկային մարտագլխիկներով գործող հրթիռների մշակման շրջանակներում, որոնք կարող են հասնել Ամերիկայի տարածք:
Ազգային անվտանգության խորհրդի արտակարգ նիստից հետո Հարավային Կորեայի կառավարությունը հայտնել է, որ Հյուսիսային Կորեան արձակել է ենթադրյալ միջմայրցամաքային բալիստիկ եւ փոքր հեռահարության երկու բալիստիկ հրթիռ։
«Հյուսիսային Կորեայի մշտական սադրանքները կարող են հանգեցնել միայն Հարավային Կորեայի եւ ԱՄՆ-ի կողմից համատեղ ավելի ուժեղ եւ արագ զսպման եւ կարող են միայն խորացնել Հյուսիսային Կորեայի միջազգային մեկուսացումը»,- ասվում է Հարավային Կորեայի կառավարության հայտարարության մեջ: «(Մեր) կառավարությունը միշտ պատրաստ է վճռականորեն եւ արդյունավետ կերպով պատասխանել Հյուսիսային Կորեայի ցանկացած սադրանքի»:
Հարավային Կորեայի զինվորականները հայտնել են, որ ենթադրյալ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը 360 կմ թռիչքի ընթացքում հասել է 540 կմ առավելագույն բարձրության: Շտաբների պետերի միացյալ կոմիտեն հայտնել է, որ Հյուսիսը, ըստ երեւույթին, կորցրել է երկրորդ հրթիռը 20 կմ թռիչքի ընթացքում, իսկ երրորդ հրթիռն անցել է 760 կմ: