Սաակաշվիլին ասել է, որ իրեն ողնաշարի վիրահատություն է անհրաժեշտ
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ասել է, որ բժիշկներն իր մոտ ողնաշարի վնասվածք են ախտորոշել, որը պահանջում է վիրաբուժական միջամտություն։ Նախկին նախագահի՝ հանրությանը ուղղված համապատասխան նամակը երեքշաբթի ընթերցել է Վրաստանի խորհրդարանի պատգամավոր «Միացյալ ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցությունից Եկատերինա Խերխեուլիձեն։
«Քանի որ շատերը շահարկում են իմ առողջական վիճակը, ես որոշեցի բացահայտ ասել, թե ինչ եմ զգում ինքս: ՄՌՏ-ի միջոցով ախտորոշվեց ողնաշարիս վնասվածք, որը, ամենայն հավանականությամբ, ստացել եմ Գլդանիում (բանտային հիվանդանոց) էլեկտրահաղորդման ժամանակ: Ինչպես ես հասկացա, այս վնասվածքը պահանջում է վիրաբուժական միջամտություն»,- Սաակաշվիլիի հետ հիվանդանոցում հանդիպումից հետո լրագրողներին ուղղված նամակը կարդացել է Խերխեուլիձեն։
Ինչպես Սաակաշվիլին գրում է նամակում, նա մեջքի հատվածում ուժեղ ցավ է զգում, ինչի պատճառով օրը մի քանի անգամ նրան ցավազրկողներ են տալիս։ Նա հաճախակի գլխապտույտ ու ցնցումներ ունի։ Նրա համար գնալով դժվարանում է շարժել վերջույթները և հատկապես ձախ ձեռքը։ Նրա խոսքով՝ ինքը հիմնականում անկողնային ռեժիմում է: Սաակաշվիլին դեռևս պնդում է, որ արտերկրում բուժման կարիք ունի՝ առանց քաղաքական գործընթացներին մասնակցելու։