Մենք չենք պարտվել, ոչ մի բան չի վերջացել, այս էջը փակված չէ. Ռուբեն Վարդանյան aravot.am
«Ամենամեծ վտանգը անտարբերությունն է. սիրո մյուս կողմը ատելությունը չէ, անտարբերությունն է, գեղեցկության մյուս կողմը տգեղությունը չէ, անտարբերությունն է, կյանքի մյուս կողմը մահը չէ, անտարբերությունն է. մենք պետք է պայքարենք անտարբերության դեմ»,- հղում անելով «Ավրորայի» մասնակցի խոսքերին՝ ասաց «Ապագա հայկականի» նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը:
Հիշեցնենք, երեկ Ստեփանակերտում կայացավ նախաձեռնության առաջին ֆորումը, որը նվիրված էր ժողովրդագրական խնդիրներին:
«Մենք չենք պարտվել: Ոչ մի բան չի վերջացել: Արցախի ժողովուրդն իր պատմության ընթացքում տարբեր էջեր է ունեցել. այս էջը փակված չէ եւ մենք գնալու ենք առաջ»,- ասաց Ռուբեն Վարդանյանը՝ նկատելով, որ եթե հասարակությունը պայքարի այդ անտարբերության դեմ, հայրենիքը չի կանգնի մարտահրավերների առջև:
Նա նաեւ տեղեկացրեց, որ 2022 թվականի աշնանը տեղի է ունենալու «Ապագա հայկականի» համաժողովը, որը համախմբելու է շուրջ 200 մասնակիցների և առաջատար փորձագետների՝ Հայաստանի Հանրապետությունից, Արցախի Հանրապետությունից և Սփյուռքից: