ԱՄՆ կառավարական պատվիրակությունը կայցելի Ղազախստան, Ղրղզստան, Ուզբեկստան, Տաջիկստան
Հարավային եւ Կենտրոնական Ասիայի հարցերով պետքարտուղարի օգնական Դոնալդ Լուի գլխավորած ամերիկյան կառավարական պատվիրակությունը մայիսի 23-ից 27-ը կայցելի Ղազախստան, Ղրղզստան, Ուզբեկստան եւ Տաջիկստան։ Այս մասին հայտնում է Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը։
«Դոնալդ Լուն մայիսի 23-ից 27-ը կգլխավորի ԱՄՆ պատվիրակությունը Ղազախստան, Ղրղզստան, Ուզբեկստան եւ Տաջիկստան, որն ուղղված է ԱՄՆ-ի՝ տարածաշրջանի հետ հարաբերությունների ամրապնդմանը եւ ավելի բարեկեցիկ եւ ապահով Կենտրոնական Ասիայի ստեղծմանն ուղղված համատեղ ջանքերի առաջ մղմանը»,- ասվում է հայտարարության մեջ: Պատվիրակության կազմում կլինեն նաեւ Պենտագոնի, Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ), ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի (U.S. International Development Finance Corporation, DFC) եւ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ներկայացուցիչներ:
Այցի շրջանակներում ամերիկյան պատվիրակության անդամները մտադիր են հանդիպել նշված երկրների պաշտոնատար անձանց, բիզնեսի եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։ Տաջիկստանում նաեւ ամենամյա երկկողմ խորհրդակցություններ են նախատեսված «տնտեսական կապերի զարգացման եւ անվտանգության ոլորտում համագործակցության ամրապնդման համար»։