Գյուրիում ամուսինը սպանել է կնոջը․ ոստիկանությունը դեպքից մանրամասներ է հայտնում
Մայիսի 22-ին, ժամը 22.27-ին, շտապօգնության կայանից ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում էր ստացվել, որ դանակահարություն է եղել Գյումրու 58-րդ թաղամասում՝ եկեղեցու մոտ:
Ոստիկանությունից հայտնում են, որ ահազանգով դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբի ծառայողները Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերել են 42-ամյա Սիրանուշ Մանուկյանի դին՝ որովայնի և ծնոտի կտրած-ծակած վնասվածքներով։
Քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների, այդ թվում՝ տարածքում անցկացված հարցումների արդյունքում պարզվեց, որ կնոջը վնասվածքները պատճառել էր նրա ամուսինը։ Նա հայտնաբերվեց և բերման ենթարկվեց Մուշի բաժին։ Անձնական խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվեց դանակ, որը, նախնական տվյալներով, հանցագործության գործիքն է։
49-ամյա տղամարդը ներկայացվել է նախաքննական մարմնին։ Դեպքի առթիվ սպանության հատկանիշներով քրեական գործ է հարուցվել:
Տղամարդը ձերբակալվել է:
Հանգամանքները, այդ թվում՝ շարժառիթը, նախաքննությամբ պարզվում են։