Ցորենը կպահեն ԵԱՏՄ-ում. Ռուսաստանը ցանկանում է, որպեսզի միության անդամները մաքս վճարեն ցորենի համար
Չնայած 2022թ. Ռուսաստանում սպասվող ցորենի ռեկորդային բերքահավաքին՝ ռուս կարգավորողները փորձում են այսուհետ եւս վերահսկել ցորենի արտահանումն արդեն ԵԱՏՄ-ի մակարդակով։ «Ъ»-ի տվյալներով՝ զգուշանալով վերարտահանումից՝ Ռուսաստանը ցանկանում է, որպեսզի միության բոլոր անդամները քվոտաներ եւ մաքսատուրքեր մտցնեն ցորենի արտահանման համար, ինչպես նաեւ կարող են երկարացվել ԵԱՏՄ-ում մատակարարումների սահմանափակումները, որոնք առայժմ գործելու են մինչեւ հունիսի 30-ը։ Դեմ է հանդես գալիս Ղազախստանը, որը շահագրգռված է արտասահման մատակարարումների զարգացմամբ։
Մայիսի 20-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) նիստում Ռուսաստանը պնդել է, որպեսզի ԵԱՏՄ-ի բոլոր անդամները քվոտաներ եւ մաքսատուրքեր մտցնեն երրորդ երկրներ ցորենի արտահանման համար, ասել են «Ъ»-ի աղբյուրները։
Նրանց խոսքով՝ ՌԴ գյուղտնտնախարարությունը միջոցն անհրաժեշտ է համարում ԵԱՏՄ-ով, սահմանափակումների շրջանցմամբ, ռուսական ցորենի վերարտահանումը կանխելու համար։ Գյուղտնտնախարարությունում եւ ԵՏՀ-ում «Ъ»-ի հարցմանը չեն պատասխանել։
ՌԴ-ում 2021թ. հունիսից գործում է ցորենի, գարու եւ եգիպտացորենի արտահանման լողացող մաքսատուրք գնային ցուցիչների միջին մեծությունների եւ բազային մասի տարբերության 70 տոկոսի չափով։ Մայիսի 20-ից ցորենի արտահանման մաքսատուրքը մեկ շաբաթվա համար սահմանվել է 110,5 դոլար մեկ տոննա ցորենի, գարու եւ եգիպտացորենի համար՝76,5 դոլար։ Փետրվարի 15-ից մինչեւ հունիսի 30-ը հացահատիկեղենի արտահանումը սահմանափակված է՝ 11 մլն տոննա, այդ թվում 8 մլն տոննա ցորեն։ Այս գարնանը Սիբիրում Ղազախստանի կողմից ցորենի գնման ակտիվացման ֆոնին Ռուսաստանն արգելել է մինչեւ հունիսի 30-ը հացահատիկեղենի արտահանումը ԵԱՏՄ-ի երկրներ։ Դա դժգոհություն է առաջացրել Ղազախստանում, որը ՌԴ-ին կասկածել է խտրականության մեջ։ Ի պատասխան՝ նա եւս ցորենի եւ ալյուրի արտահանման քվոտաներ է մտցրել ։
ԵՏՀ-ի խորհրդակցությունում, «Ъ»-ի աղբյուրների խոսքով, ռուսական կողմը նշել է ընդունված միջոցների անբավարարությունը, քանի որ Ղազախստանում չկան գարու եւ եգիպտացորենի արտահանման քվոտաներ եւ ներկրման մաքսատուրքեր։ Արդյունքում՝ ստեղծվել է ներքին գների էական տարբերություն երկու երկրների միջեւ։
Սիբիրյան ցորենն այսօր վաճառվում է մեկ տոննան միջինը 18 հազար ռուբլով՝ ԱԱՀ-ով, ինչը 5 հազար ռուբլով էժան է ղազախականից։
ԵԱՏՄ-ի անդամները 2021թ. օգոստոսին նախատեսել էին միասնական մոտեցում կիրառել ցորենի, գարու, եգիպտացորենի, բուսայուղի եւ մի շարք այլ ապրանքների արտահանման սահմանափակումների համար։ Այսօր լիովին արգելված է ցորենի արտահանումը Բելառուս։ Հայաստանը եւ Ղրղըզստանը պատրաստում են որոշումներ մաքսատուրքերի եւ քվոտաների մասին։ Իսկ Ղազախստանը դեմ է մաքսատուրքերին, քանի որ դրանք կարող են խանգարել տեղի գյուղտնտարտադրողներին՝ կատարել միջազգային պարտավորությունները, ավելացրել է պարբերականի զրուցակիցը։ Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի եւ Հայաստանի համապատասխան նախարարություններում պարբերականի հարցմանը չեն պատասխանել։
«Ъ»-ի աղբյուրը վստահ է, որ Ղազախստանի հավանական հրաժարումը նման միջոցներ մտցնելու հարցում կդրդի գյուտնտնախարարությանը երկարացնել ԵԱՏՄ հացահատիկների արտահանման ժամանակավոր արգելքը։ Այնինչ, ընդգծել է «Ъ»-ի զրուցակիցը, Ղազախստանի համար կարեւոր է հուլիսից ստանալ ռուսական հացահատիկը. երկիրը աճեցնում է գարնանացան ցորեն, որի բերքահավաքն սկսվում է օգոստոսին։