«Ձվով խփեցին, գլխիս կպավ ու ընկավ մեքենայի մեջ». քաղաքացին շենքից հարվածել է դիմադրության ավտոերթի մասնակցին
«Դիմադրություն» շարժումը անհնազանդության երթեր է իրականացնում Երևանի փողոցներում։ Այնթափից Երեւան մտնող ճանապարհին ոստիկանները կանգնեցրել են ավտոերթը եւ վարչական իրավախախտման ակտ գրել մեքենաներից մեկի վարորդի նկատմամբ՝ նշելով, որ տվյալ մեքենան տեխզննում չի անցել:
«Մարդասպանի վրա բան գրեք, ոչ թե մեզ վրա: Մարդն իր համար ավտոերթ է կազմակերպում, բռնում եք: Դուք պրովոկատորներ եք, ամեն ինչ համար պատասխան եք տալու: Բան չմնաց, 10-15 օրից: հանուն հայ ազգի, հանուն պետականության մինչեւ վերջ գնալու ենք»,-բորբոքված ասաց ավտոերթի մասնակիցներից մեկը:
Ոստիկաններից մեկը լրագրողներին ասաց, որ իրենք երթը չեն կանգնեցրել, կոնկրետ ավտոմեքենան են կանգնեցրել, խախտման հետ կապված արձանագրությունը կկազմվի:
Ավտոերթի մեկ այլ մասնակից էլ հայտարարեց, որ ավտոերթի ժամանակ քաղաքացիներից մեկը շենքից ձվով հարվածել է իրեն:
«Սկզբից գլխիս է կպել, հետո կպել է մեքենայիս, ամբողջ մեքենան կեղտոտվել է»,- ասաց նա։
Ոստիկանը հորդորեց, որ եթե նյութական վնաս է կրել քաղաքացին, կարող է այդ հարցով դիմում ներկայացնել:
Հիշեցնենք, որ այսօր՝ մայիսի 23-ին վաղ առավոտին «Դիմադրության» շարժման մասնակիցները անհնազանդության ակցիաներ, ավտոերթեր են իրականացնում Երեւանի փողոցներում՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հեռացումը:
Նախօրեին «Դիմադրություն» շարժման համակարգող, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը կոչ է արել քաղաքացիներին երթեւեկությունը կազմակերպպել 15 կմ/ժ արագությամբ, դրանով եւս մեկ անգամ իրենց բողոքի ձայնը բարձրացնելով:
Այսօր երեկոյան հանրահավաքի մասին հստակ ինֆորմացիա չկա, օրվա ընթացքում կհայտնեն: