Դատարանը քննում է Փաշինյանի դեմ Արծվիկ Մինասյանի և Հակոբ Մարտիրոսյանի ներկայացրած բողոքը (Տեսանյութ)
ՀՀ վերաքննիչ դատարանը նախագահությամբ դատավոր Կարեն Բիշարյանի, այսօր՝ մայիսի 23-ին, քննում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ պետական դավաճանության հոդվածով քրեական գործ չհարուցելու որոշման դեմ բողոքը։
Բողոքը ներկայացրել են «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը եւ փաստաբան Հակոբ Մարտիրոսյանը։
Դեռեւս 2021 թվականի հունիս ամսին նրանք հանցագործության մասին հաղորդում էին ներկայացրել, մասնավորապես, պահանջելով քրեական գործ հարուցել Նիկոլ Փաշինյանի կողմից կատարված առերեւույթ պետական դավաճանության փաստի առթիվ։
Ներկայացված հանցագործության մասին հաղորդմամբ Հակոբ Մարտիրոսյանը ներկայացրել է փաստական հանգամանքներ, որոնք առերեւույթ վկայում են Նիկոլ Փաշինյանի կողմից թշնամի պետությանն օգուտ տալու մասին՝ ի վնաս ՀՀ-ի։
Ներկայացված հանցագործության մասին հաղորդումն առանձին քննության առարկա չի դարձվել, մասնավորապես, դատախազությունը հաղորդումը «մասնատել» է եւ մի մասով ուղարկել է ԱԱԾ քննչական դեպարտամենտ՝ Շուշիի անկման եւ Արցախի հարավային ուղղությամբ կատարված իրադարձությունների վերաբերյալ քրեական գործի, իսկ մի մասով՝ ՀՔԾ-ում քննվող՝ Մովսես Հակոբյանի կողմից ասուլիսում արված հայտարարությունների առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում։
Դատախազության կողմից հաղորդմանը պատշաճ կարգով ընթացք չտալու հանգամանքը դիտարկվել է որպես անգործություն եւ դատախազության անգործության դեմ փաստաբանը բողոք է ներկայացրել դատարան։ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, մերժել էր բողոքը։ Դատարանի այս որորշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել, որը մակագրվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Կարեն Բիշարյանին։
Այս գործով նիստերը պարբերաբար հետաձգվում են՝ տարբեր պատճառաբանություններով։ Այդ հանգամանքը զոհվածների ծնողներին բարկացրել էր, եւ նրանք մայիսի 17-ին նիստի հերթական հետաձգումից հետո փակել էին Վերաքննիչ դատարանի հարակից փողոցը, պահանջելով՝ օբյեկտիվ քննել իրենց բողոքը եւ պատշաճ ընթացակարգ տալ։