«Ձեռքերը ջարդելով տանում էին». Մետրոյում ակցիա իրականացնող երիտասարդներին բերման ենթարկեցին, այդ թվում անչափահասի
Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող և Հայաստանի ու Արցախի անվտանգությամբ մտահոգ քաղաքացիներին, որոնք անհնազանդության ակցիա էին իրականացնում մետրոպոլիտենի կայարաններից մեկում՝ պարալիզացնելով մետրոյի աշխատանքը, կարմիր բերետավորները սկսեցին բերման ենթարկել
Ակցիայի մասնակիցները նշում են, որ բերման են ենթարկել նաև անչափահաս երեխայի։
«Այդ երեխու ձեռքերը ջերդելով տանում էին, հերոսությո՞ւն է երեխու ձեռքերը ջարդելը»,- զայրացած ասաց քաղաքացիներից մեկը։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը, ով նույնպես մասնակցում էր անհնազանդության ակցիայի, լրագրողներին հայտնեց, որ բերման են ենթարկել 3 երիտասարդների. «Կարծես 3 հոգու բերման ենթարկեցին: Երիտասարդնրը պարալիզացրել էին մետրոյի աշխատանքը, եւ արդեն այն պահին, երբ ակցիան ավարտել էին եւ դուրս էին եկել մետրոյի միջանցքի հատված, այսինքն որեւէ գործողություն չէին իրականացնում, կարմիր բերետավորներն իրենց սովորության համաձայն եկան եւ գազանների նման հարձակվեցին ակցիայի մասնակիցների վրա ու շատ կոպիտ ուժ կիրառելով սկսեցին բերման ենթարկել, այդ թվում անչափահասներին: Իմ բոլոր ջանքերին, հորդորներին, որ անչափահասի եք բերման ենթարկում, ուշադրություն չդարձրեցին: Անչափահասի ձեռքերը ոլորած, գլուխը ներքեւ պահած, շատ վիրավորական վերաբերմունք վերաբերելով բերման ենթարկեցին»,-ասաց նա:
Արեգնազ Մանուկյանի խոսքով, ոչ բոլոր ոստիկաններն են իրենց այդպես դրսեւորում. «Տպավորություն է, որ կան ներդրված մի քանի հոգի, նաեւ կասկածներ կան, որ դրանք գուցե գրանցված աշխատող չեն, կամ նոր են ներդրվել համակարգում, որպեսզի իրականացնեն այս այս բռնի գործողությունները, որ իրականում նրանք իշխանամերձ օլիգարխների աշխատակիցներ են: Այսպիսով նրանք այդ գազազած շների միջոցով պահում են իրենց իշխանությունը, իրենց ունեցվածքը»:
Հիշեցնենք, որ այսօր՝ մայիսի 23-ին վաղ առավոտին «Դիմադրության» շարժման մասնակիցները անհնազանդության ակցիաներ, ավտոերթեր են իրականացնում Երեւանի փողոցներում՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հեռացումը:
Նախօրեին «Դիմադրություն» շարժման համակարգող, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը կոչ է արել քաղաքացիներին երթեւեկությունը կազմակերպպել 15 կմ/ժ արագությամբ, դրանով եւս մեկ անգամ իրենց բողոքի ձայնը բարձրացնելով:
Այսօր երեկոյան հանրահավաքի մասին հստակ ինֆորմացիա չկա, օրվա ընթացքում կհայտնեն: