Կապիկի ծաղիկով վարակվածների թիվը հասել է 92-ի․ ԱՀԿ
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնել է, որ մարդկանց մոտ կապիկի ծաղիկի դեպքերը հասել են 92-ի՝ առանց մահվան ելքի:
Մինչև մայիսի 21-ը ԱՀԿ-ն ստացել էր 12 ոչ էնդեմիկ երկրներից կապիկի ծաղիկի 92 լաբորատոր հաստատված դեպքերի մասին հաղորդումներ: Եվս 28 դեպք գտնվում է լաբորատոր հետազոտության փուլում, հավելել է ԱՀԿ-ն։
«Մինչ օրս այս հիվանդության հետ կապված մահվան դեպքեր չեն գրանցվել»,- ասվում է կազմակերպության հաղորդագրության մեջ։
ԱՀԿ-ի տվյալներով՝ կապիկի ծաղիկի գրանցված դեպքերը կապված չեն էնդեմիկ տարածքներ ճանապարհորդության հետ: Ըստ վերջին տվյալների՝ վարակման դեպքերը հիմնականում, բայց ոչ բացառապես, եղել են տղամարդկանց հետ սեռական հարաբերություններ ունեցող տղամարդկանց շրջանում։
Կապիկի ախտանշանները վերանում են մի քանի շաբաթվա ընթացքում, սակայն որոշ դեպքերում կարող են հանգեցնել բարդությունների և նույնիսկ մահվան: Դեպքեր են հայտնաբերվել մի շարք երկրներում, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայում, Շվեդիայում, Իտալիայում, Ֆրանսիայում, Ավստրալիայում, Կանադայում, Գերմանիայում, Նիդեռլանդներում, Շվեյցարիայում և Իսպանիայում: